Նոր մանրամասներ` «Բելաջո» ռեստորանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին
Մայիսի 8-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի և ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գործող ռեստորանային համալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Մայիս Ե.-ին, 1986 թ. ծնված Խաչիկ Շ.-ին, 1974 թ. ծնված Գրիգոր Շ.-ին, 1987 թ. ծնված Սամսոն Ու.-ին, 1996 թ. ծնված Հարութ Հ.-ին, 1986 թ. ծնված Արեգ Բ.-ին, 1982 թ. ծնված Ամրամ Բ.-ին, 1981 թ. ծնված Գալուստ Պ.-ին, 1980 թ. ծնված Գագիկ Ա.-ին և 1974 թ. ծնված Արթուր Վ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, նշված ռեստորանային համալիրում նրանք վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ռեստորանային համալիրում եղած քաղաքացիների նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ ու տարբեր իրերով հարվածել միմյանց` կոտրելով ռեստորանային համալիրի գույքը:
Արթուր Վ.-ն և Մայիս Ե.-ն բուժօգնության են տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մայիսի 9-ին, ժամը 02.10-ին, Արթուր Վ.-ից ընդունվել է հաղորդում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀՈստիկանություն