ԱՄՆ-ի տասը տոկոսը ճանաչել է ԼՂ-ի անկախությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կալիֆոռնիայի խորհրդարանը երեկ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս տեղեկատվությունը կրկնակի ողջունելի և հետաքրքրական է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի ֆոնին, որ նա ղարաբաղյան կարգավորման թեմայով ունեցել էր Կարնեգի հիմնադրամում և ներկայացրել ամերիկյան քաղաքականությունն այդ հարցի կապակցությամբ:

Այդ քաղաքականությունն, ըստ էության, ամփոփված է Մադրիդյան սկզբունքներից մեզ ծանոթ կետերով, որոնք էլ ներկայացրել էր ամերիկացի համանախագահը: Այդ կետերը բուռն արձագանք են առաջացրել Հայաստանում, սակայն առավելապես հասարակական և փորձագիտական շրջանակներում:

Իշխանական և քաղաքական դիրքորոշումներ չեն հնչել, ինչը սակայն զարմանալի էլ չէ, քանի որ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը այսօր որևէ դիրքորոշում արտահայտում են միայն լավ ծանրութեթև անելուց հետո՝ ոչ թե ինչ է պետք Հայաստանին տեսանկյունից, այլ թե ինչ կասի Ռուսաստանը:

Իսկ առայժմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչում է ամերիկյան հինգերորդ նահանգը, ինչն ըստ էության նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տասը տոկոսը արդեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Շատերը կարող են ասել, որ ավելի լավ է աշխարհում մեկ քիչ թե շատ լուրջ պետություն ճանաչի Արցախի անկախությունը, քան ամերիկյան թեկուզ 50 նահանգ առանձին-առանձին՝ եթե ճանաչողը հենց Վաշինգտոնը չէ: Եվ միգուցե այստեղ նրանք կարող են իրավացի լինել, սակայն ավելի շատ էմոցիոնալ տեսանկյունից:

Ուորլիքը, ըստ էության, ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի ծայրահեղ բարդությունը, երկու կողմերի համար անընդունելի իրավիճակը: Եվ այս բարդ պայմաններում կարմիր թելով անցնում է ամերիկացի համանախագահի ելույթում այն, որ հարկավոր են նոր մոտեցումներ և ջանքեր կարգավորման գործընթացը շարժելու համար, իրավիճակը ճահճից ազատելու համար: Եվ ահա, այս համատեքստում, նահանգների մակարդակով շարունակական, այսպես ասած` կաթիլային ճանաչումը առաջին հայացքից ոչինչ է, սակայն դրանք այն կաթիլներն են, որ գործընթացի համար ունեն կենսական արժեք»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս