Օրենքի ուժով պարտադիր բաղադրիչի վերացման հարցի հետ կապված ՕԵԿ-ն ակնկալում է խորհրդարանական ուժերի աջակցությունը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է hartak.am-ը:

Քաղխորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական հարցեր:
Քաղխորհուրդը, ընգծելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով պարտադիր բաղադրիչի անընդունելիությունը հասարակության լայն խավերի համար, իր կողմից բազմիցս հրապարակայնորեն բարձրացված կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում իրավական պատշաճ երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, անդրադարձ է կատարել ՕԵԿ պատգամավորական խմբակցության կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված պարտադիր բաղադրիչի վերացման մասին նախագիծը խորհրդարանական ուժերի լայն քննարկմանը ներկայացնելու մասին հարցին:

ՕԵԿ ներկայացրած օրինագիծը նախատեսում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը և նախատեսել վճարումներ կատարել կամավորության սկզբունքով:
Քննարկման արդյունքում քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դիմել ոչ իշխանական քառյակը ներկայացնող քաղաքական ուժերին և իշխանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ին` ակնկալելով նրանց աջակցությունը հանրային դժգոհություն առաջացրած այս խնդրի լուծմանը` այն է օրենքի ուժով պարտադիր բաղադրիչի վերացմանը համաձայն ՕԵԿ կողմից պաշտոնապես ներկայացված օրինագծի: Միաժամանակ կուսակցությունը պատրաստ է ԱԺ-ի իր գործընկերների հետ միասին հարստացնել օրենքի նախագիծը նոր առաջարկություններով:

Քաղաքական խորհուրդը մտահոգությամբ արձանագրել է նաև, որ կուսակցության` կոալիցիայից դուրս գալուց հետո, գլխավորապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և որոշ այլ կառույցների մի շարք աշխատակիցներ անհասկանալի, գուցեև հասկանալի պատճառներով տատանողական դիրքորոշումներ են արտահայտում իրենց հետագա կուսակցական գործունեության կապակցությամբ, ինչը քաղխորհրդի գնահատմամբ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով և գնահատվում է անընդունելի:

Նկատի ունենալով վերոշարադրյալը քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել
կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներ Արմեն Բադեյանին, Համլետ Հակոբյանին, Աշոտ Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Արմինե Գրիգորյանին, Սերգեյ Հայրապետյանին, Արմեն Կարապետյանին և հայտարարում է, որ նման դիրքորոշումը կշարունակվի առաջիկայում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կցուցաբերեն ոչ վայել մարդկային և քաղաքական վարքագիծ, քանի որ նրանք աշխատանքի են ընդունվել կուսակցության երաշխավորությամբ:

Կուսակցության քաղաքական խորհուրդը ընդգծում է, որ այսօր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում որպես քաղաքացիական ծառայողներ աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք ներկայացնում են ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ, ՕԵԿ կուսակցությունները և դա գնահատում է որպես ՀՀ պետական համակարգի կայացման դրսևորումներից: Կուակցության քաղաքական խորհուրդը անընդունելի է համարում ուղղակի կամ անուղղակի լուռ կամ խուլ համաձայնությամբ քաղաքական հայացքների համար մարդկանց աշխատանքի կամ կուսակցության ընտրության առջև կանգնեցնելը և դատապարտում է բոլոր այն դրսևորումները, որոնք ազդում են մարդկանց քաղաքական հայացքների և համոզմունքների վրա և կոչ է անում դադարեցնել նման անընդունելի գործելաոճը և հայտարարում, որ հետագայում ևս մշտապես հրապարակայնորեն անդրադառնալու և դատապարտելու է նման արատավոր գործելակերպը ցանկացած պետական կառավարման մարմնում:

Կուսակցության քաղաքական խորհրդ մեկ այլ որոշմամբ կուսակցության գլխավոր քարտուղար է ընտրվել Արտաշես Ավոյանը, աշխատակազմի ղեկավար` Արթուր Ղուկասյանը: Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել իր հաջորդ նիստը գումարել մայիսի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս