Մասնագետը՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին. Գերակշռում է՝ «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքը
Օրեր առաջ ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձաժողովը հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ըստ դրա, որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը:
«Սահմանադրական բարեփոխումների ներկա հայեցակարգի առանցքը կառավարման ձևի, այսինքն իշխանության բաժանման փոփոխումն է, և միայն այս բաժնում են առկա կոնկրետ առաջարկներ, մնացած մասերում միայն ցանկություններ են՝ առանց դրանց իրականացման մեխանիզմների»,- սահմանադրական բարեփոխումների և պետական կառավարման ձևերի վերաբերյալ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած փորձագիտական քննարկմանն ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը:
Վերջինս նաև մտավախություն հայտնեց, որ եթե սահմանադրական փոփոխությունների ներկա հայեցակարգը հաստատվի, ապա այն կամրապնդի մենիշխանական համակարգի հիմքերը:
Նշենք, որ ըստ ներկայացված հայեցակարգի՝ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Իսկ վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև:
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը միանշանակ չընդունվեց հասարակության տարբեր շրջանակների կողմից:
«Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, կառավարման արդյունավետության և այլ ոլորտներում առկա են լուրջ խնդիրներ, սակայն դրանք առանց ախտորոշման, միայն սահմանադրական բարեփոխումներով լուծել հնարավոր չէ», նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Բարեփոխումների անհրաժեշտությունը կասկածի տակ առավ նաև փորձագիտական քննարկման մյուս մասնակիցը՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, ով համեմատեց ներկա իրավիճակը 2005թ.-ի հետ, երբ վերջին անգամ իրականացվեցին սահմանադրական փոփոխություններ.
«Այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը այնքան ակտուալ չէ, որքան այն ժամանակ»,- եզրակացրեց Մարգարովը:
Բանախոսների կողմից կասկածի տակ առնվեց նաև սահմանադրական բարեփոխումների ներկա հայեցակարգում ընդգրկված դրույթների հնարավոր արդյունավետությունը:
«Ես չեմ հասկանում, թե ՍԴ բարեփոխումների հայեցակարգը ինչ փաստաթուղթ է, այստեղ չափազանց շատ խնդիրներ կան, իսկ հայեցակարգի իրավական մասը ակնհայտորեն սահմանափակելու է մարդու իրավունքներն ու ազատությունները»,- ասաց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը` նշելով, որ միայն մի քանի եզակի դրույթներ կան, որոնք որոշակի դրական բարեփոխման հույս են տալիս, սակայն դրանք խիստ անորոշ են. Խուրշուդյանը մասնավորապես հիշատակեց խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգին անցնելուն վերաբերող դրույթը:
«Եթե կա կամք, ապա բարեփոխումները հնարավոր է իրականացնել նաև առանց սահմանադրական փոփոխությունների», նկատեց Խուրշուդյանը՝ հավելելով, որ ՀՀ ստեղծման օրից ստեղծվել է մշակույթ, երբ ընդունված չէ ասել, որ կան խնդիրներ և այդ դեպքում պարզ չէ՝ ինչի՞ լուծումն են այս բարեփոխումները:
Բարեփոխումների առկա հայեցակետը հիմնականում բացասական գնահատեց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը, ով ասաց, որ կառավարման ձևի փոփոխության մասով հայեցակարգում առկա են լուրջ վտանգներ:
«Գերակշռում է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքը», – ասաց Մազմանյանը, հավելելով, որ այն հիմնավորումը, թե բարեփոխումները երկրում առավել կայունություն են մտցնելու, իրականում խաթարելու են ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներից մեկը, որը ենթադրում է ոչ կայուն իրավիճակների հնարավորություն հատկապես քաղաքական կյանքում, երբ դրա անհրաժեշտությունը կա:
«Երկարատև առումով այս հայեցակարգը կայունության շատ թույլ մոդել է առաջարկում»,- եզրափակեց սահմանադրական իրավունքի մասնագետը:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների առկա հայեցակարգին բացասական գնահատական է տվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր խոսքում նշելով, որ այս պահին առկա չէ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն և դրանք պետք է անել միայն այն ժամանակ, երբ այլ ճանապարհ չկա, ինչպես իր կառավարման ժամանակ՝ 2005թ.-ին:
Այս մեկնաբանությունը որոշ շրջանակներում մեկնաբանվեց որպես երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու փորձ: Այս տեսակետը չի կիսում քաղաքագետ Մարգարովը, ով ասաց, որ երկրորդ նախագահի ցանկացած հայտարարություն էլ վերադարձի փորձ է որակվում: