Մարդկանց մի հսկայական մաս Հայաստանում զբաղված է գողությամբ, հափշտակությամբ, կոռուպցիայով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ապրիլի 25-ն է: Երեկ համայն հայությունը գրեթե մեկ մարդու նման հիշում և ոգեկոչում էր Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերին, մեկ մարդու նման պահանջում կատարված հանցագործության, ոճրագործության դատապարտում, ճանաչում և հատուցում: Եվ այդ պահանջների արանքում հնչում էին մեր միասնականության, հաստատակամության, պայքարի և այլնի մասին բավական գեղեցիկ խոսքեր:

Երեկ մենք դրանով էինք զբաղված՝ երեկ ապրիլի 24-ն էր, կարևոր մի օր հայ ազգի պատմության մեջ: Սակայն, մարդկության պատմության տրամաբանությունը հուշում է, որ ավելի կարևոր է «ապրիլի 25»-ը, և ավելի կարևոր է, թե մենք ինչով ենք զբաղված ապրիլի 25-ին: Եվ այսօր կարևոր հարց է, թե ինչով էր զբաղված հայությունը երեկ, և ինչով է զբաղված այսօր: Ինչ ենք անում մենք այսօր, որ այդքան միասնական ու թվում է` նույն բանն էինք անում երեկ: Եվ այսօր մենք կարող ենք ասել, ցավալիորեն, որ ապրիլի 25-ին այդ միասնականությունից գրեթե ոչինչ չկա:

Ապրիլի 25-ին ամեն մարդ զբաղված է իր գործով, և մարդկանց մի մեծ խմբի գործը ուղղակի հանցագործություն է՝ հանցագործություն պետության, հայրենիքի, ազգի, հասարակության, քաղաքացիների, ապագայի հանդեպ:

Մարդկանց մի հսկայական մաս Հայաստանում զբաղված է գողությամբ, հափշտակությամբ, բռնությամբ, պետական միջոցները չարաշահելով ու յուրացնելով, կոռուպցիայով, զբաղված է հանրության հաշվին սեփական հարստությունը դիզելով, մարդու իրավունքներն ու ազատությունները ոտնահարելով, զբաղված է ուղղակի Հայաստանի հանրային բարիքները մսխելով:

Մարդկանց մի զգալի մաս էլ զբաղված է երեսպաշտությամբ, զբաղված է իբրև թե այս ամենին ընդդիմանալով, սակայն իրականում այդ միջոցով այս ամենից էլ իր բաժինը տանելով ու պահելով:

Եվ մի մեծ հատված էլ զբաղված է այս ամենը, ըստ էության, գեղեցիկ բառերով փաթեթավորելով, արդարացնելով, նոր կուռքեր ստեղծելով և այդ կուռքերի պաշտպանությունը ստանձնելով»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս