ԵԱՀԿ-ը պատրաստ է վերահսկել Ուկրաինայի իրավիճակի ապաէսկալացման գործընթացը. Բուրկհալտեր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը պատրաստ է առաջնային դեր խաղալ Ուկրաինայում տիրող իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ միջոցների իրականացման մեջ:
Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը: Նրա խոսքերով՝ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայեցին այն մասին, որ միջազգային հանրությունը հավատ է ընծայում նմանատիպ բարդ առաքելությունների հարցում ԵԱՀԿ-ի ունեցած փորձին:
Բուրկհալտերը հավելել է, որ տվյալ հարցում հուսով է ստանալ այլ երկրների մեծ աջակցությունը: Ներկա դրությամբ Ուկրաինայում արդեն իսկ գործում է ԵԱՀԿ-ի 120 դիտորդ: