Ուկրաինան ԱՄՆ-ին խոստացել է hարվածներ չհասցնել Ռուսաստանի հետ չկապված նավթային լցանավերին․ Bloomberg
Ուկրաինան պարտավորվել է հարվածներ չհասցնել Ռուսաստանի հետ չկապված նավթային լցանավերին և Սև ծովում առկա այն ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են ղազախական նավթի արտահանման համար։ Նման պնդմամբ հանդես է եկել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Կիևը զերծ է մնալու Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքներին և դեպի տերմինալ ընթացող նավերին հարվածելուց, եթե դրանք կապված չեն Ռուսաստանի հետ, չեն գտնվում ուկրաինական պատժամիջոցների տակ և չեն տեղափոխում ռուսական բեռ։ Ուկրաինան այս պարտավորությունները ստանձնել է ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, հայտնում է գործակալությունը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգուշացրել էր Ուկրաինային Սև ծովում երրորդ երկրների նավերին և նավթային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու անթույլատրելիության մասին։
Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան Chevron ընկերության գլխավոր տնօրեն Մայք Վիրթը Սպիտակ տան ներկայացուցիչների հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայի հարվածներից հասցվող կողմնակի վնասների հարցը։ Ընկերությանն է պատկանում ԿԽԿ-ի 15% բաժնեմասը, և այն շահագրգռված է սեփական ենթակառուցվածքների պաշտպանությամբ։
ԿԽԿ-ն բազմիցս հայտնել է Սև ծովում գտնվող իր տերմինալի շրջանում տանկերների վրա ԱԹՍ-ների հարձակումների մասին։ ԿԽԿ նավթամուղային համակարգը Կասպից ծովի տարածաշրջանից համաշխարհային շուկաներ նավթի տեղափոխման խոշորագույն երթուղին է։ 1,5 հազար կմ երկարությամբ մայրուղային խողովակաշարը կապում է Արևմտյան Ղազախստանի հանքավայրերը Սև ծովի ռուսական ափի հետ, որտեղ նավթը բեռնվում է տանկերների վրա ԿԽԿ ծովային տերմինալի միջոցով։

