Տարոն Մարգարյան. Համապատասխան քայլեր ձեռնարկեք թերացող օղակի աշխատանքն արագ շտկելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Եռամսյակային ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները.

«Վարչական շրջանների աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներն, ըստ էության, ձեր աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքի արտացոլումն են: Ու եթե մեկ կամ երկու օղակ թերանում են իրենց աշխատանքում, դա բացասաբար է անդրադառնում նաև վարչական շրջանի կողմից կատարվող ընդհանուր աշխատանքների վրա: Սա ձեզ մտորելու լուրջ տեղիք պետք է տա, որ համապատասխան քայլեր ձեռնարկեք թերացող օղակի աշխատանքն արագ շտկելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես, պետք չէ խուսափել տույժեր կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թերանում են իրենց պարտականությունները պատշաճ կատարելիս: Ի վերջո մեր համաքաղաքացիները մեզանից ակնկալում են արդյունավետ ու նպատակային աշխատանք, այլ ոչ թե անվերջ ներողամտություն թերացողների նկատմամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մեկ անգամ ևս անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու նպատակով պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Վարչական շրջանների ղեկավարներին ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել, որպեսզի դրական արդյունքներ գրանցվեն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջանների կատարած աշխատանքի արդարացի գնահատականը տալիս են նաև երևանցիները: Ուստի քաղաքապետը հանձնարարել է աշխատել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Տեսանյութեր

Լրահոս