Եթե Հովիկ Աբրահամյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, դա կլինի մեծ պարտություն և նահանջ Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման առումով (տեսանյութ)

Հայաստանի հաջողությունները արտաքին քաղաքականությունում հիմնված են ուրիշների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թույլ տրված սխալների վրա և հիմնական ուղղությունները պետք է լինեն այդ սխալներից օգուտ քաղելը: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայով քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրագոսյանը:

Նրա կարծիքով` մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձևին Հայաստանի «դեմ» քվերակությունը սխալ էր, «սակայն այդ սխալի համար Հայաստանը մեծ գին չի վճարել և պարտադիր էլ չէ, որ վճարի, քանի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ են կիրառվում»:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն էլ կարծում է՝ ՄԱԿ-ում այդպիսի քվերակությունը ինքնուրույն որոշում էր. «Այդ որոշումը կայացնելիս Հայաստանը հաշվի է առել արտաքին ուժերը, դրանց ազդեցությունը և չափսերը: Այլ կերպ համաշխարհային քաղաքականությունում չի լինում: Ոչ մի երկիր, նույնիսկ ԱՄՆ-ն, առանց իրավիճակը գնահատելու որոշում չի կայացնում»:

Ռիչարդ Կիրագոսյանի գնահատմամբ՝ վերջին 4 տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը մեկն է` սեպտեմբերի 3-ը, «երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման հետ պայմանագիրը ստորագրել»:

Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հակադարձեց. «Սեպտեմբերի 3-ը Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը չէր, քանի որ այդ որոշումը կայացվել է Հայաստանից դուրս և Հայաստանը չէր կարող խուսափել այս որոշումից, քանի որ այլընտրանք չկար»:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Ռիչարդ Կիրագոսյանը նշեց, որ ՌԴ-ն այս հարցում ազդեցություն չի ունեցել. «Այդ որոշումը կայացվել է երկու Սարգսյանների կողմից` նախագահի և վարչապետի»: Նաև հավելեց, որ եթե «Ազգային ժողովի նախագահը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, դա կլինի մեծ պարտություն և նահանջ Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման առումով»:

Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է, որ վարչապետի հրաժարականի վրա դրսից որևէ ուժ չի ազդել. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքականության մեջ` միայն ներքին հարցեր են»: Քաղաքագետը չի կարծում, որ վարչապետի հրաժարականից հետո հեղափոխական փոփոխություններ կլինեն, «սակայն ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, սխալ է»:

Անդրադառնալով Սիրիայի խնդրին՝ Կովկասի ինստիտուտի ղեկավարը նշեց. «Սիրիան Ռուսաստանի հաջողություններից մեկն է և նա փորձում է կրկին այդ խաղաքարտը խաղարկել Քեսաբի հարցում»:

Ռիչարդ Կիրագոսյանն էլ հավելեց, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ այլ պետությունները չեն մտածում Քեսաբի հայության մասին: «Այս ամենն արվում է Ռուսաստանի շահերի պաշտպանության և Թուրքիայի դիրքերի խարխլման համար: Մենք խոցելի ենք այս առումով, այդ պատճառով պետք է զուսպ արձագանքել: Փորձ արվեց Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները նմանեցնել Ցեղասպանությանը, սակայն սա միայն կթուլացնի ցեղասպանության փաստը միջազգային հանրության աչքում»:

Տեսանյութեր

Լրահոս