Մենք ունենք խուճուճ Սահմանադրական դատարան

Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ

– ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը տարբեր մեկնաբանությունների է արժանանում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ ամեն անգամ ՍԴ-ն ընդունում է որոշումներ, որոնք երկու կողմերն էլ կարող են մեկնաբանել իրենց օգտին:

– Եթե օրենքի որևէ նորմ ճանաչվել է հակասահմանադրական, այդ նորմն այլևս չի գործում. սա է հուշում իրավական պետության տրամաբանությունը: Եվ, բնականաբար, եթե Սահմանադրական դատարանն այդ կետերը ճանաչել է հակասահմանադրական, դրանով պետք է վերջակետ դնել և առաջնորդվել ՍԴ որոշմամբ: Ընդհակառակը` անհասկանալի է ՍԴ որոշման մյուս մասը, որտեղ ասվում է, որ օրենքի իրավանորմերը գործելու են մինչև սեպտեմբերի 30-ը: Որովհետև, եթե այդ իրավանորմերը հակասահմանադրական են, ինչպե՞ս պետք է դրանք գործեն: Սա հռետորական հարց չի, սա ապշած քաղաքացու հարց է:

– Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ են ցույց տալիս Սահմանադրական դատարանի այդ երկակի որոշումները, և ի՞նչ տրամաբանությամբ են դրանք կայացվում:

– Այո, որոշ դեպքերում, երբ իշխանությունների համար հարցը կենսական անհրաժեշտություն ունի, ՍԴ-ն մոռանում է իրավունքի մասին և որոշում է կայացնում գործադիր իշխանության և, մասնավորապես, նախագահի ցանկությամբ, որի բազմաթիվ օրինակները կան` ընտրությունների հետ կապված:

Բայց շատ դեպքերում էլ ՍԴ-ն փորձում է ոչ թե դատարանի կեցվածք ընդունել, այլ Սողոմոն Իմաստուն թագավորի. այսինքն` վճիռներ կայացնել, որոնք իբրև թե կբավարարեն երկու կողմերին էլ: Սա ցույց է տալիս ՍԴ խոցելիությունը և դատարանի անդամների` իրենց որոշումների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Ամենացայտուն օրինակը 2003թ. նախագահական ընտրությունների հետ կապված դատական հայցի քննումն էր և կայացված որոշումը:

Մի պահ մոռանանք, թե ինչպես էին անցել ընտրությունները, որոնք ՍԴ-ն համարեց Սահմանադրությանը համապատասխանող, բայց հանկարծ իրեն դնելով Սողոմոն Իմաստունի տեղը` որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու մասին, որը ՍԴ լիազորությունների մեջ չէր մտնում:

– Բայց ՍԴ-ի այդ որոշումը չկատարվեց:

– Այլ խնդիր է, որ որոշումը չկատարվեց, բայց ՍԴ-ն, ժողովրդական խոսքով ասած, որոշեց այդ հարցը լուծել «նա շիշ, նա քյաբաբ» սկզբունքով: Երկրորդ ամենազարմանալի որոշումը, որ կայացրեց ՍԴ-ն, վերաբերում էր քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարմանը:

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց «Պետական գերակա շահի մասին» օրենքի որոշ դրույթներ, բայց իրենց սեփականությունը կորցրած քաղաքացիները դրանից ոչ մի օգուտ չստացան: ՍԴ-ն դարձյալ ինչ-ինչ մտավարժանքներով հայտարարեց, որ դա չի տարածվում արդեն կատարված հակասահմանադրական գործարքների վրա: Դա ՍԴ հերթական խուճուճ որոշումն էր: Հաջորդ սողոմոնյան որոշումը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված որոշումն էր:

ՍԴ-ն պետք է հստակ որոշում կայացներ. Համապատասխանո՞ւմ են այդ արձանագրությունները ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ: Բայց հիմնավորումների մեջ, ընդդիմությանը հաճոյանալու համար, այնպիսի ձևակերպումներ էին տրված, որ առաջին հայացքից` թվում էր, թե պետք է դրանք ճանաչվեն հակասահմանադրական, բայց հակառակ այդ հիմնավորումների` արձանագրությունները ճանաչվեցին սահմանադրական: Այսօր ևս մենք ականատեսն ենք հերթական խուճուճ որոշման: Ես մի կողմ եմ դնում, թե իշխանություններն ինչ ազդեցություն են ունեցել որոշման կայացման վրա, ՍԴ անդամները շատ հստակ են տեսել հակասահմանադրականությունը, բայց չուզենալով հակադրվել իշխանությանը` կայացրել են հերթական խուճուճ որոշումը: Այսինքն` մենք ունենք խուճուճ Սահմանադրական դատարան:

– ՍԴ-ն համարում է, որ այդ հինգամսյա ժամկետը պետք է իրավական քաոսից խուսափելու համար: Արդյո՞ք դա բավարար պատճառ չէ նման ժամկետ սահմանելու համար:

– Իրականում իրավական քաոսն առաջացել է հենց նման ժամկետ սահմանելու արդյունքում: Մյուս կողմից` ՍԴ լիազորությունների մեջ չի մտնում իրավական քաոսի մասին մտածելը: ՍԴ-ն պետք է որոշի` օրենքը սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: Եթե հակասահմանադրական է, ապա վերջ: Դրանից հետո օրենսդիրը պետք է մտածի իր ընդունած հակասահմանադրական օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու և մինչ այդ կատարված հակասահմանադրական գործողությունները կամ հետևանքներն ուղղելու մասին:

– ՍԴ-ի համար հաջորդ փորձությունը լինելու է Հայաստանի` Մաքսային միություն մտնելու մասին միջպետական համաձայնագրի սահմանադրականության հարցի քննումը: Ի՞նչ եք կարծում` այս դեպքում և՞ս խուճուճ որոշում կկայացվի:

– Իմ համոզմամբ` ՄՄ մտնելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ դրանով էականորեն սահմանափակվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Բայց այս անգամ ՍԴ-ն ոչ թե Սողոմոն Իմաստունի դեր կկատարի, այլ կորոշի, որ այն ամբողջապես համապատասխանում է Սահմանադրությանը, քանի որ այդ հարցը կենսական նշանակություն ունի իշխանությունների համար:

– Չե՞ք կարծում, որ նման երկիմաստ որոշումները, դրանց հետևող քննարկումները հեղինակազրկում են Սահմանադրական դատարանը և ընդհանրապես` Հայաստանի դատական համակարգը:

– Կարծում եմ, որ եթե պետությունն ուզում է զարգանալ, ապա այդ պետության ողնաշարը պետք է լինի դատական իշխանությունը: Եվ եթե հասարակության մեջ վստահություն չկա դատական համակարգի նկատմամբ, և այդ անվստահությունն արդարացված է, ապա կարող ենք խոսել չկայացած պետության մասին: Ես հատուկ եմ ասում` դատական համակարգ, քանի որ Հայաստանում չկա դատական իշխանություն, կա գործադիրից կախված մի համակարգ, որը սպասարկում է նրա շահերը:

Միակ հույսը Սահմանադրական դատարանի վրա էր, որը լինելով ինքնուրույն կառույց` կարող է իրեն զգալ և դրսևորել` որպես իշխանության առանձին ճյուղ, սակայն ՍԴ-ի նման որոշումները ցույց են տալիս, որ ՍԴ անդամները ևս իրենց կախված են զգում գործադիր իշխանությունից և աշխատում են չհակադրվել այդ իշխանությանը:

Տեսանյութեր

Լրահոս