Թևան Պողոսյան. «Քեսաբը դարձավ այն խնդիրը, որը մեզ միավորեց» (տեսանյութ)

«Ես կոչ կանեմ, որ և՛ մամուլից, և՛ գիտական աշխարհից, և՛ բիզնեսմեն համայնքից, և՛ քաղաքական կուսակցություններից մարդիկ հավաքվեն մեկնեն: Ցանկացած այցելություն այդ մարդկանց մոտ, ցանկացած օջախ Սիրիայում, իսկապես, շատ կարևոր է մեզ համար»,- այսօր ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով մի քանի պատգամավորների հետ օրերս այցելել էր Սիրիա՝ ծանոթանալու հայաբնակ Քեսաբի միջադեպին, և տեղեկանալու, թե ինչ վիճակում են հայերն այնտեղ:

«Իրենց խնդիրները և ցավը Հայաստանի խնդիրն ու ցավն էլ են, և մենք պետք է ինչ-որ չափով աշխատենք այդ ուղղությամբ, որ դա լինի համակարգված և այդ ամենն, ի վերջո, վերածվի մի գաղափարի, որը գիտության մեջ կոչվում է՝ ազգային կոմունիկալ պետություն»,- ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով, ցավոք սրտի, Քեսաբը դարձավ այն խնդիրը, որը մեզ միավորեց. «Հուսով եմ՝ Քեսաբը կդառնա նաև այն գաղափարը, որն այսօրվա դրությամբ պտտվում է սոցիալական կայքերով ՝ասելով, որ «Փրկիր Քեսաբը», որովհետև մենք, իսկապես, կկարողանանք միասնություն ցուցաբերելու համար մեր հայրենակիցներին սատար կանգնել և իրենց ցանկությունը, երազանքը (վերադառնալ Քեսաբ, այն դեպքում, երբ այն ամբողջությամբ ազատագրված կլինի) իրականացնել: Այնպիսի քաղաքական խնդիրներ կարող ենք լուծել, որ Քեսաբը պատմության մեջ այլևս չունենա տարահանման պատմություն: Այս վերջին հարյուր տարվա ընթացքում, գիտենք, որ 3, քեսաբցիների ասելով, նույնիսկ 4 անգամ են տարահանվել: Որ այլևս նման բան պատմության մեջ չկրկնվի»:

Սիրիա էր այցելել նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօրվա ասուլիսի ժամանակ նա ասաց. «Մարդիկ պատմում էին, որ մարտի 21-ի գիշերը 3:30-ին՝ լուսադեմի կողմ, իրենց հերթապահները, որոնք հայեր են եղել, նկատել են, որ թուրքական սահմանի սահմանապահները հետ են քաշվել, և այն կողմից սկսվել է ինչ-որ խմբերի առաջխաղացում, որն աջակցություն է ստացել թուրքական հրետանու կողմից: Այսինքն՝ միայն այդ հրոսակները, զինյալները չէին  կարող Քեսաբը գրավել, եթե թուրքական զինուժը նրանց չաջակցեր»:

Է. Մարուքյանի խոսքով՝ սիրիական բանակն իր ամենակարևոր մեխանիզմը՝ օդուժը, փորձել է օգտագործել նրանց դեմ, երկու ինքաթիռ է հանել օդ, որոնցից մեկին թուրքական կողմը հարվածել և գցել է՝ հիմնավորելով, որ իրենց օդային սահմանը խախտում են. «Բայց օդային սահմանի խախտում չի եղել: Եվ այս պարագայում սիրիական բանակի ձեռքերն, ըստ էության, կապված են եղել: Այսինքն՝ հնարավորություն՝ ռեալ դիմակայել նման խմբերին, նրանք չեն ունեցել: Հրաձակումը շատ հանկարծակի է եղել, ոչ ոք չի սպասել, որ հարևան երկիրն իր սահմանը կբացի, որ ինչ-որ զինյալներ հարձակվեն գյուղի վրա»:

Է. Մարուքյանն պատմեց, որ սիրիական բանակի աջակցությամբ  այնտեղի բնակիչները տեղափոխվել են Լաթաքիա. «Կոնկրետ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում ցուցակով 320 ընտանիք կա: Իսկ մանացածը Լաթաքիայում իրենց հարազատների, բարեկամների տներում են»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը նկատեց, որ, իրականում, Քեսաբը միակ սիրիական սահմանն է, որը չի վերահսկվում գրոհայինների կողմից, և, վաղ թե ուշ, Քեսաբի այս հատվածը պետք է, որ անցներ գրոհայինների ազդեցության ներքո. «Չէր անցել, որովհետև, ընդհանարապես, Լաթաքիան, այդ թվում նաև Քեսաբը, Ասադի ընտանիքի ուժի աղբյուրն է: Այսինքն՝ այս ողջ ժամանակահատվածում երբեք ապստամբություն չի եղել: Ապստամբները երբեք ուժեղ չեն եղել: Ուստի Ասադին հաղթելու համար տրամաբանական է, որ ռազմավարական հենակետ կլինի վերցնել Լաթաքիան, որը, բնականաբար, սկսվում է Քեսաբը վերցնելով: Սրան էլ ավելացնեմ  նաև, որ հաշվի առնելով, որ այսօր անբողջ աշխարհի ուշադրությունը Ղրիմի վրա է, բնականաբար, հաշվարկը եղել է այն, որ Քեսաբի նման փոքր մի հատվածի վերցնելը այդքան էլ մեծ ուշադրություն չի գրավի: Ինչպես նաև շատ հնարավոր է, որ Արևմուտքն է օգնում Թուրքիային, որ ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի քայլի, Ռուսաստանի դաշնակցի ուղղությամբ մեկ հակաքայլ, ինչու չէ՝ նաև ռուսական տեղորոշիչ կայանը ոչնչացնել, որովհետև այն վերահսկում է արևելյան միջերկրական ծովում թռիչքները, ինչը բնականաբար, ՆԱՏՕ-ի համար ոչ այնքան հաճելի բան է»:

Տեսանյութեր

Լրահոս