Պաբլո Ներուդան, Երևանի գազանանոցը և աստղագիրը
1957 թվականի մայիսին չիլիացի գրող, Խաղաղության միջազգային մրցանակի և Լենինյան մրցանակի դափնեկիր, կոմունիստ Պաբլո Ներուդան տիկնոջ հետ ժամանեց Խորհրդային Միություն: Մոսկվայում ռուս ընկերները նրան խորհուրդ տվեցին. «Գնացեք հարավ, Հայաստան գնացեք»: Այս ընտրությունը պատահական չէր:
Հատկապես Ստալինի մահից հետո Հայաստանը հայտնվել էր այն վայրերի թվում, որտեղ պատվարժան հյուրերին առաջնորդելը խրախուսվում էր: Հայերը կարողանում էին ոչ միայն ջերմ ընդունելություն կազմակերպել, այլև ցուցադրելու և զարմացնելու հարցում հարուստ ընտրություն ունեին` սկսած պատմական վայրերից մինչև նոր նվաճումները:
Բայց Ներուդան նաև այն քչերից էր, ով Հայաստան էր ուղևորվում` հրաշալի իմանալով, թե ուր է գնում: Նա կարիք չուներ տեղում արտասանելու ծեծված դարձվածքներ կամ նոր միայն բացահայտելու այն, ինչն ամենքին էր հայտնի: Ներուդան տեղյակ էր հայերի դարավոր պատմությանը, մշակույթին, գիտեր ցեղասպանության մասին, անհամբերությամբ էր սպասում իր հանդիպմանը բիբլիական Արարատի հետ:
Իսկ ի՞նչ գիտեր Հայաստանն իր հյուրի մասին:
Գրական շրջանակներում քիչ թե շատ ծանոթ էին նրա այն ստեղծագործություններին, որոնք թարգմանվել էին ռուսերեն: Հայերեն քաղաքական շնչով գրված գործերի մի գրքույկ էր հրատարակվել: Ներուդային այստեղ անվանում էին իմպերիալիզմի դեմ պայքարի բոցաշունչ մարտիկ, հալածյալ դիվանագետ և Խորհրդային Միության մեծ բարեկամ: (Ի դեպ, նկատենք, որ այս պատկերացումները գերիշխող էին նույնիսկ այն բանից հետո, երբ գրողը Նոբելյան մրցանակի արժանացավ ու համաշխարհային փառք ձեռք բերեց):
Բոլոր դեպքերում, Երևանը նրան դիմավորեց իր համբավին ու մեծությանն արժանավայել: Այն մի քանի օրերի ընթացքում, որ հյուրերն անցկացրեցին մեր քաղաքում, ամենուր ամուսիններին ուղեկցում էին պաշտոնյաներ, լրագրողներ: Մշտապես գործի դրված տեսախցիկն ապագա վավերագրական ֆիլմի կադրերն էր կուտակում, և առանձնության մեջ մնալու հնարավորությունն այնքան էլ մեծ չէր: Բայց և այնպես նրանց հաջողվեց տեսնել ու լսել ավելին, քան վաղօրոք հաստատված երթուղին էր նախանշում:
Հենց առաջին օրերին Ներուդային հրավիրեցին ելույթ ունենալու հայկական նորաբաց հեռուստատեսությամբ: «Ես ողջունում եմ Սովետական Հայաստանին, որ կառուցում է իր ներկան ու ապագան: Եվ այն փաստը, որ այժմ գտնվում եմ Երևանում, վկայությունն է այն բանի, որ Հայաստանը շատ բարեկամներ ունի մեր մոլորակի տարբեր անկյուններում»,- եթերից արտասանեց գրողը:
Որքան էլ հմայիչ էր անծանոթ երկիրը` իր հին ու նոր կառույցներով, սակայն Հայաստանում Ներուդայի մեծագույն հիացմունքի ու ներշնչման աղբյուրը դարձավ մարդկանց աշխատանքը:
Նա փորձում էր գուշակել տառապանքների միջով անցած ժողովրդի տոկունության աղբյուրը, գաղտնազերծել նրանց նվիրումի առեղծվածը, հասկանալ քարաժայռերի վրա կյանք արարելու անմռունչ համառությունը:
Անցնելով Հայաստանի մի ծայրից մյուսը, գրողը բազմաթիվ կանգառներ էր ունենում քաղաքներում ու գյուղերում: Ավելի ուշ իր ուղևորությունների մասին գրքում Ներուդան պիտի գրեր. «Հայերը կառուցել են իրենց երկիրն աներևակայելի ջանքերի գնով: Նրանք վեր են հանել իրենց ազգային մշակույթը մի այնպիսի բարձր մակարդակի, որ կարող էր գոյություն ունենալ հին աշխարհում:
Դարեր շարունակ թուրքերը հալածել և անպատիժ կոտորել են հայերին: Յուրաքանչյուր քարի վրա, վանքերի յուրաքանչյուր բեկորների վրա հայի արյան կաթիլը կա… Այս երկրի սոցիալիստական վերածնունդը մի իսկական հրաշք է և, միևնույն ժամանակ, «սովետական իմպերիալիզմի» մասին չարախինդ դատողության ամենածանրակշիռ հերքումը»:
Երևանում Պաբլո Ներուդան և նրա կինը` Մաթիլդա Ուրուտիան, հյուր գնացին Ավետիք Իսահակյանին: Վարպետը նրանց ընդունեց իր հարկի տակ: Դա յուրայինների հանդիպում էր, հավասարների զրույց, երբ բառերը ոչ միայն միտքն են արտաբերում, այլև հաղորդակցվում են կեցության անմեկնելի շերտերի հետ:
Երեկոյան հյուրերը եղան օպերայի թատրոնում, դիտեցին «Դավիթ Բեկը»:
Հաջորդ օրն այցելեցին տեքստիլագործական արտադրամաս: Իսկ հետո ուղևորությունն էր դեպի Սևան: Լիճն իր գերբնական գեղեցկությամբ գերեց ծովեր ու օվկիանոսներ տեսած օտարերկրացիներին: Նրանց պատմեցին կառուցվող 7 հիդրոկայանների, Հրազդան գետի երկայնքով նոր գործարաններ հիմնելու ծրագրերի մասին: Ներուդան խնդրեց իրեն առաջնորդել այդ շինություններից որևէ մեկը:
Շրջայցի ավարտին երբ լրագրողները նրան հարցրեցին, թե հայկական պատմամշակութային հուշարձաններից առավել տպավորիչը ո՞րն էր, Ներուդան կատակեց. «Բոլոր եկեղեցիներից ինձ ամենաշատը դուր եկավ Սևանի հիդրոէլեկտրկայանը»:
Սակայն նոր հրաշալիքների բացահայտումները դեռ առջևում էին: Դրանցից մեկը գրողին սպասում էր Բյուրականի աստղադիտարանում: Այստեղ նրա զարմանքին չափ չկար, երբ գիտաշխատողներից մեկն առաջարկեց տեսնել տիեզերքի ու աստղերի «ձեռագիրը»:
Դա աստղային լույսի արձանագրումն էր հատուկ ժապավենի վրա: Արդյունքում ստացվում էր մի պատկեր, որը շատ նման էր սրտի աշխատանքի կարդիոգրամային, և ստացվում էր, որ յուրաքանչյուր աստղը ներկայանում էր «ինքնագրով»: «Ես տեսա, որ ամեն աստղ իր ձեռագիրն ունի` թրթռուն, կախարդող ու անհասկանալի ինձ` երկրային բանաստեղծիս համար»,- ավելի ուշ պիտի վերհիշեր Ներուդան:
Ազատ ժամերին կնոջ հետ դուրս էին գալիս հյուրանոցից ու հաճույքով երկար թափառում էին Երևանի փողոցներում: Այգիների մեջ թաղված վարդագույն մայրաքաղաքն իր անմիջականությամբ ու ջերմությամբ նրանց համակում էր բարձր տրամադրությամբ ու սիրով:
«Ես կարծում եմ, որ Երևանը` կառուցված հրաբխային տուֆից, այնքան ներդաշնակ է, ինչպես վարդը, և աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է»,- իր սերն այսպես էր խոստովանել չիլիացի գրողը:
Մի անգամ էլ հյուրերին առաջնորդեցին Կենդանաբանական այգի: Տեղ հասնելուն պես գրողը խնդրեց իրեն ցույց տալ վարազահավի վանդակը: Ներուդան առաջին հերթին ցանկանում էր տեսնել իր «հայրենակցին»:
Բայց հետո պիտի խոստովաներ, որ թռչունն իրեն չճանաչեց: «Նա քաշվել էր մի անկյուն և ամեն ինչին նայում էր այնպիսի սկեպտիկ հայացքով, որը լինում է հույսն ու երևակայությունը կորցրած թռչնի մոտ: Այդ թռչունը երազում էր Կորդիլերյան լեռների բարձունքները: Ես խղճացի ճաղատ վարազահավին: Ես վաղ թե ուշ վերադառնալու եմ հայրենիք, մինչդեռ նրան վիճարկված է մնալ այստեղ` մինչև իր օրերի ավարտը»,- հետո պիտի վերհիշեր Ներուդան:
Այստեղ պետք է հիշել, որ հանրահայտ գրողը մեծ սեր ուներ կենդանիների նկատմամբ, և բոլոր այն վայրերում, ուր նա այցելում էր, ջանում էր անպայման լինել նաև կենդանաբանական այգիներում: Իսկ ահա Երևանի գազանանոցն այն քչերից էր, որտեղ նրան բախտ վիճակվեց տեսնել ամազոնյան գետակինճի: Նկատելով Ներուդայի հիացական հայացքը, այգու տնօրենը հարցրեց` հյուրն արդյոք կցանկանա՞ր տեսնել, թե ինչպես է լողանում գետակինճը:
Դրական պատասխան լսելով` նրանք բացեցին դարպասները, և հսկա կենդանին հաճույքով նետվեց ավազանը: Այդ դրվագը Ներուդան այսպես է նկարագրել. «Նա ցատկոտում էր ջրում, ցողվում էր` հսկա շիթեր նետելով, ուրախությունից ֆսֆսում էր և մի առանձնահատուկ մղումով էր կատարում իր ապշեցուցիչ ակրոբատիկ համարները:
– Մենք դեռ երբեք նրան այսքան երջանիկ չէինք տեսել,- ասաց Կենդանաբանական այգու տնօրենը»:
Այս պատմության ամենազավեշտալի շարունակությունը կեսօրին էր և այն էլ… Հայաստանի գրողների միությունում: Գրչակից ընկերների կազմակերպած հյուրասիրության ժամանակ Ներուդան բաժակ բարձրացրեց շնորհակալական կենացի համար և իր խոսքում մասնավորապես հիշեց նաև լողացող կենդանուն:
Հայ գրողների միության ղեկավարը պատասխան խոսքում ասաց. «Ի՞նչ կարիք կար ժամանակ սպանել գազանանոցում: Կարող էիք միանգամից Գրողների միություն գալ: Այստեղ կա այն ամենն, ինչ ուզում եք` առյուծներ ու վագրեր, աղվեսներ ու ծովաշներ, արծիվներ և օձեր, ուղտեր ու թութակներ»:
Հազիվ թե Ներուդան կարողանար ըմբռնել այդ երկիմաստ սրամտության ողջ զավեշտն ու ողբերգությունը…
Հետագայում Պաբլո Ներուդան այլևս առիթ չունեցավ այցելելու Հայաստան: Բայց սերն առ փոքրիկ ու հեռավոր երկիրը մնաց` դառնալով հիշողություն, գրականություն և հավատարմություն: