
Իրանի կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք՝ երբեք չենք շեղվի այդ կարմիր գծերից․ Մեհդի Սոբհանին՝ Սյունիքի մասին
«ԱՄՆ նախագահը կարծես սատկած ձի վարելու ընթացքի մեջ է»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ տարհանել Թեհրանը, թուրք-ադրբեջանական հնարավոր մասնակցությանն Իրանի դեմ պատերազմին, ինչպես նաև Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումներին։
Դեսպանը նշեց, որ բոլորի նման ԱՄՆ նախագահի հայտարարությունների մասին տեղեկացել է մամուլից։
Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ Իրանի համար հստակ է, որ ԱՄՆ-ը աջակցում է այս պատերազմում Իսրայելին։
«ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին արդեն պարտվելու շեմին է, և իրավիճակը Թել-Ավիվում դուրս է եկել վերահսկողությունից։ Պարոն Թրամփը մի սատկած ձի վարելու ընթացքում է, հիմարություն է նույն սխալը կրկնելը և ակնկալել դրանից նոր արդյունքներ»,- նման կերպ անդրադարձավ դեսպան Սոբհանին Թրամփի սպառնալիքներին ու որոշումներին։
Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը, նա նշեց, որ այդ մասին որևիցե ինֆորմացիա չունեն։
Նրա խոսքով, չեն կարող գնահատական տալ այն ամենին, ինչ շրջանառության մեջ է դրվում մամուլում։
Անդրադառնալով Սյունիքի շուրջ զարգացումներին՝ դեսպանն ասաց, որ հստակ ու կոնկրետ հետևում են զարգացումներին ռեգիոնում, հաշվի առնելով հանգամանքը, որ հնարավոր է՝ սիոնիստական ռեժիմը տարբեր երկրների հետ իր հարաբերություններում փորձի այդ առիթն օգտագործել, ինչպես նաև ագրեսորների հետ օգտագործել հնարավորությունը, որ Իրանը զբաղված է պատերազմով։
«Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, ներկայացնում ենք մեր մտահոգությունները։ Մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի այդ կարմիր գծերից։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում և որոշ հավանականություններ կարող ենք մտահոգիչ լինել, սակայն մենք իրողությունների ու փաստերի հետ ենք առնչվում, մենք պահպանում ենք մեր զգոնությունը։
Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը ևս հետևում է զարգացումներին, մենք շատ սերտ և մոտ կապեր ունենք կառավարության հետ և անընդհատ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Երկրների այսօր ցուցաբերված վարքագիծը հետագայում կազդի մեր և նրանց հարաբերությունների վրա, բարեկամին ու թշնամուն ճանաչում են բարդ իրավիճակներում»,- ասաց դեսպան Սոբհանին։