Կանգնել ենք, որ բռնվենք. թողեք տեսնենք` ոնց ենք բռնվում. Կարեն Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանն իրենց առանձնատան դիմաց լրագրողներին ասաց, որ անհրաժեշտության դեպքում կխոսի. «Երբ հարմար գտնեմ՝ այդ ժամանակ կխոսեմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չե՞ք բացառում, որ ձեզ էլ կձերբակալեն.

«Իմ համար տարբերություն չկա, ի՞նչ տարբերություն՝ ե՞ս, թե՞ եղբայրս»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ որտե՞ղ է Ձեր եղբայրը, նա պատասխանեց. «Տանն է, որտե՞ղ է, չեն հասցրել ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն: Սպասում եմ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով իշխանությունների մեղադրանքներին, թե նրանք աշխարհաքաղաքական կենտրոններից են ուղղորդվում, Կարեն Կարապետյանը հետևյալն ասաց. «Ես Տաշիրից եմ գալիս, փաստորեն Տաշիրն էլ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցավ: Դա մեզ համար մեծ պատիվ է, ասեմ ձեզ: Ասացի՝ մենք մշեցի ենք, պատրաստ ենք ամեն ինչի, ինչ ասվել է, ճիշտ է ասվել, դեռ քիչ է ասվել: Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինը ինձ ձերբակալեն, կհուշեք, որ ինձ էլ տանեն, որովհետև արդեն խոսել եմ»:

Նա նշեց, որ կա պետություն, կան համապատասխան մարմիններ, համապատասխան մարմիններն օրենքի սահմաններում թող գործեն. «Միայն օրենքի սահմաններում: Վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու: Ես էլ՝ իմ արածի համար»:

Ապա նա փնտրեց Հանրային հեռուստաընկերության տեսախցիկը՝ նշելով. «Հ1-ը մոտի՞կ է, որտե՞ղ է, մոտիկից վերցրեք, որ էդ մուլտիկները ցույց տաք Հ1-ով: Չնայած՝ Հ1-ի մետաստազներ էլ կան, չէ՞, այստեղ, ոնց որ»:

Հարցին՝ ո՞ւմ նկատի ունեք, նա պատասխանեց. «Դուք ավելի լավ գիտեք, ես շուտվանից քաղաքականության մեջ չեմ, արդեն մոռացել եմ՝ ով ում բարեկամն է»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ քաղաքական հրահանգ տեսնո՞ւմ է այս ամենում:

«Ես այս պահին պատրաստ չեմ որևէ հարցի պատասխանել, անհրաժեշտության դեպքում ես կխոսեմ, էդքան էլ թլիկ չեմ, էլի: Իսկ դուք տեսնո՞ւմ եք: Ինձ լուսավորեք, որովհետև շուտվանից քաղաքականության մեջ չեմ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ ամեն ինչ լավ է լինելու. «Եթե ես չեմ տխրել, դուք ինչո՞ւ եք տխրում»:

Լրագրողները մեջբերեցին Փաշինյանի գրառումը. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։  Սա Հայաստանի Հանրապետությունն է։  Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:

Կարեն Կարապետյանն արձագանքեց՝ թող այդպիսի հույս ունենա. «Մենք էլ հույս ունենք, որ պետության համը մեր բերանում կմնա, լավ հույս է: Այսինքն՝ էլ պետություն չենք ունենալո՞ւ: Մեկ է՝ պետությունն էլ է լինելու, մենք էլ չլինենք՝ մեր թոռներն են լինելու, չէ՞: Էդ ի՞նչ հարցադրում է: Իրեն հարցրեք, նման բաները ես ո՞նց մեկնաբանեմ: Չի կարելի մանրանալ, մենք մանկավարժի տղա ենք: Ես մանկավարժի տղա եմ, իրավունք չունեմ փողոցային լեքսիկոնով խոսել»:

Հարցին՝ իսկ Փաշինյանն ինչո՞ւ է փողոցային լեքսիկոնով խոսում, նա պատասխանեց. «Ես իրեն ոչ լսում եմ, ոչ տեսնում եմ, և ընդհանրապես մոռացել եմ: Ես իմ գլուխը առած՝ իմ գործերով եմ զբաղված, իմ թոռներին եմ մեծացնում»:

Նա տեղյակ չէ, թե ում են բերման ենթարկել իրենց տան առջևից. «Հենց նոր իմացա, դարպասների դեմից ում բռնել՝ տարել են, բնականաբար, մեր բարեկամները կլինեն»:

Նա նշեց, որ ԱԱԾ աշխատակիցներին է սպասում, և իր նախկին փորձը հաշվի առնելով՝ համոզված է, որ կգան:

«Կանգնել ենք, որ բռնվենք, թողեք տեսնենք՝ ոնց ենք բռնվում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս