
Պարզ չէ՝ վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ի՞նչ «անակնկալ է» խոստանալու մեր ժողովրդին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարավ Իրան-Իսրայել պատերազմին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային էսկալացիան, որն այս պահին դեռևս դրսևորվում է Իրան-Իսրայել բազմաշերտ հարվածներով, նոր պայթյուն է խոստանում ոչ միայն այս երկու երկրներին, այլ նաև նրանց, որոնք անպատրաստ են ճգնաժամի ուղղակի և անուղղակի հարվածներին, որոնք չեն գնահատել եղած սպառնալիքների ազդեցությունը սեփական երկրների անվտանգության միջավայրին ու տնտեսական
իրավիճակին և անկարող են ռիսկերի կառավարում իրականացնել:
«Եթե Հայաստանի կառավարությանը թվում է, որ իրենք կարող են իրավիճակին անհաղորդ և անտարբեր մնալով կամ թեման շրջանցելով խուսափել իրադրային այս ծանր զարգացումների հետևանքներից, չարաչար սխալվում են:
Այլ է վիճակը, երբ իշխանության արտաքին քաղաքական տապալումների և անվտանգության համակարգի ճարտարապետության վերաբերյալ կատաստրոֆիկ պատկերացումների պայմաններում, հասարակական սպասում այս կառավարությունից չի էլ ձևավորվում»,- հայտարարեց նա:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ տարածաշրջանում խորացող ճգնաժամի պայմաններում, Հարավային Կովկասում խախտվում է այդպես էլ չկայունացած ռազմաքաղաքական բալանսը, որում որպես կայունացնող և զսպող դերակատար ներգրաված երկրներից Իրանն ամբողջ ճակատով պատերազմի մեջ է Իսրայելի հետ:
«Սա մեր տարածաշրջանում ավտոմատ կերպով մեծացնում է Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը, ինչ-որ առումով՝ ազատ արձակում նրանց արյունոտ ձեռքերը՝ հիմքում ունենալով նաև այն հանգամանքը, որ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղությամբ և իրենց համար կարող է փոքր պատուհան բացվել իրենց ռազմավարական շահերի իրացման համար:
Ադրբեջանի ու Թուրքիայի վարքագիծը տարբեր գործոններով է պայմանավորված և այս տեսանկյունից մեծ թվով հարցեր էլ անորոշ են, որովհետև պարզ չի, թե Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջանը բանակցությունները ինչ սկզբունքների և մոտեցումների շրջանակներում են ընթանում և վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ինչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար:
Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտված բանակցությունների պարագայում փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվում, բնականաբար, դա լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությանն առ այն, որ իրենից գաղտնի ոչ միայն բանակցություն է տարվել, այլ իրենց շահերին հակասող պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ինչևէ, ցավոք, մեր հասարակությունը վերջին տարիներին բազմաթիվ «ականջ շոյող» խոստումներ է լսել, սակայն որպես կանոն միայն ստացել է պատերազմ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, զրկանքներ և բազմաթիվ անհայտներով անորոշ ապագա»,- ընդգծեց նա: