Բաժիններ՝

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ գյուղատնտեսության և տարածքային կառավարման հետ առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Տնային կենդանիների անկանոն վարքի խնդրին նվիրված քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ այն դարձել է հանրապետության տնտեսության մարտահրավերներից մեկը: Նրա խոսքով՝ ողջ աշխարհում անասնապահությունն ու հողամշակությունը փոխլրացնում են միմյանց, մինչդեռ Արցախում անասնապահությունը զգալիորեն վնասում է հողամշակման զարգացումը:

Շրջանների վարչակազմերի ղեկավարների և ոլորտի պատասխանատուների խոսքով՝ առկա են բավարար օրենսդրական կարգավորումներ, որոնք ցանկալի է բարելավվեն, սակայն հիմնական խնդիրը դրանց կիրառման մեջ է: Կառավարության ղեկավարը հանձնարարեց համապատասխան տեսչական խմբեր ձևավորել շրջանների վարչակազմերում, որոնք պարբերաբար կհետևեն անկանոն անասնապահությանը և կարձագանքեն գրանցված խախտումներին օրենքի ողջ խստությամբ:

Ըստ Ա. Հարությունյանի՝ բացի համայնքապետերի և ոստիկանության հետ սերտ համագործակցությունից, պատասխանատու մարմինները պետք է աշխատանքներ տանեն նաև խոշոր անասնատերերի հետ, որպեսզի բացառվեն նրանց կենդանիների կողմից հողամշակմանը հասցվող վնասները ևս: Խորհրդակցության մասնակիցները պատժիչ և բացատրական միջոցառումների հետ կարևորեցին բավարար չափով վարձատրվող անասնապահների առկայության անհրաժեշտությունը, ինչը մեծապես թույլ կտա կանխարգելել անկանոն անասնապահությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց աղբահանության խնդիրներին, որոնք ավելի ընդգծված են հատկապես շրջաններում: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը համոզմունք հայտնեց, որ աղբահանության աշխատանքները կանոնակարգելու նպատակով պետք է այդ գործառույթները համայնքներից փոխանցել մասնավոր կազմակերպությունների, ինչը կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը: Վարչապետը նշեց, որ կառավարությունն աստիճանաբար անցում է կատարում աղբահանության ծառայության մասնավորեցմանը՝ պատրաստ լինելով հնարավորինս աջակցել այդ ձեռնարկությունների կայացմանը: Նա կոչ արեց շրջանների վարչակազմերի ղեկավարներին շաբաթօրյակների շարք սկսել համայնքները և գլխավոր ճանապարհները աղբից մաքրելու նպատակով:

Քննարկվեցին նաև «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման» հիմնադրամին ժամկետանց պարտավորությունների, պետական հողատարածքների վարձակալման վճարների հավաքագրման, ինչպես նաև վերոնշյալ հիմնադրամի կողմից սուբսիդավորվող պարարտանյութերի տրամադրման հետ կապված որոշ հարցեր: Վարչապետ Ա. Հարությունյանը տվեց համապատասխան հանձնարարականներ բարձրացված խնդիրների կարգավորման նպատակով:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս