Կարինե Դանիելյան. «Ապարան-Երևան ջրատարի վրա հէկ կառուցելու դեմ ժողովրդի բողոք-ընդվզումն արդարացի էր»
Մարտի 6-ին Ապարանի բնակիչները փակել էին Երևան-Ապարան միջպետական ճանապարհը` փորձելով կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա հէկ կառուցելու աշխատանքները: Թե որքանո՞վ է նպատակահարմար այդ տարածքում հէկ-ի կառուցումը, և ի՞նչ բացասական հետևանքներ այն կարող է ունենալ տարածաշրջանի վրա, փորձեցինք ճշտել բնապահպան Կարինե Դանիելյանից.
«Երեկ հաղորդման ժամանակ «Փոքր հէկ-երի միության» նախագահ Նաիրա Նահապետյանն ասաց, որ այնտեղ ուղղակի բնակիչները տեղեկացված չեն եղել, հէկ-ի մասին խոսք չի եղել, որովհետև չկան համապատասխան փաստաթղթեր, թույլտվություններ, ընդամենը ոռոգման ցանցի նորոգում է եղել: Ճիշտն ասած՝ ես այդքան էլ համոզված չեմ, ես չեմ կարծում, որ այդքան միամիտ են այնտեղի բնակիչները, որ չեն կարողացել տարբերել, թե ի՞նչ է կատարվում: Բայց նա նաև մի հետաքրքիր բան ասաց, որ այդ նախագիծն ինքը տեսել է նախնական տարբերակով, ու այնտեղ պետք է լինի 500 միլիմետրանոց խողովակ, իսկ բերել են 2000-անոց:
Դա մեր հիմնական խնդիրն է՝ հէկ-երի հետ կապված: Որպես երևույթ՝ հէկ-ը դրական երևույթ է, և տնտեսապես, և էներգետիկ առումով շահավետ է, և միաժամանակ էկոլոգիապես համարվում է էներգետիկայի մաքսիմալ անվտանգ տարբերակ: Բայց մեզանում այդ պրակտիկան կա, որ ոչ մի նորմ չեն պահպանում: Իրենք պարտավոր են ջուրը վերցնել միայն այն ժամանակ, երբ գետը ջրառատ է, իսկ ամռան սեզոնին, երբ չորանում է և մի փոքր գետակ է դառնում՝ չպետք է ջուր վերցնեն:
Հիմնականում էկոլոգիական թողքը պետք է ապահովեն, այսինքն` ջրի մի մասը կարող են վերցնել խողովակի մեջ, բայց զգալի մասը պետք է մնա գետում, որ գետի էկոհամակարգը չվնասվի, ու նաև ոռոգման համար էլ օգտագործվի: Իսկ մեզանում արդեն, ես անընդհատ ասում եմ, նույն բանն է` չվերահսկվող ագահություն՝ սա էլ ինձ, նա էլ ինձ, մի բան էլ ավել ինձ… Եվ, փաստորեն, ամբողջ գետը վերցնում են, ու դրա օրինակները շատ կան: Եթե ամբողջ գետն անցնում է խողովակով, դա արդեն գետ չէ, այդ գետի էկոհամակարգն այդ առումով լրիվ տուժում է, իսկ շրջակա միջավայրը ենթարկվում է անապատացման, որովհետև ջրազրկվում է, գյուղացիներն էլ այդ տարածքում, փաստորեն, ոռոգման ջուր չեն ունենում»,- խնդիրը ներկայացրեց Կ. Դանիելյանը:
Հարցին, թե, ի վերջո, Ապարան-Երևան ջրատարի վրա հէկ կառուցվելո՞ւ է, Կ. Դանիելյանը պատասխանեց. «Հիմա խնդիրը քննարկման մեջ է: Սա էլ հարց է. փաստորեն, ըստ օրենքի՝ թե էկոլոգիական, թե քաղաքաշինական, թե էներգետիկայի հետ կապված հարցերի դեպքում, եթե նշված բնագավառներում ինչ-որ տնտեսական գործունեություն ես ծավալում, անպայման պարտավոր ես լսումներ կազմակերպել, և բոլոր շահագրգիռ անձինք պետք է տեղյակ լինեն, և կարող են մասնակցել քննարկումներին:
Բայց հաճախ այդ լսումները շատ ֆորմալ կերպով են կազմակերպվում: Ենթադրենք, ինչ-ինչ ճանապարհով գյուղապետի հետ պայմանավորվում են, գյուղի ավագանուն կամ ևս մի քանի հոգու հրավիրում են, որոշում են կայացնում, և վերջ, բնակիչները, էկոլոգիական կազմակերպությունները տեղյակ չեն էլ լինում: Հետո արդեն, երբ սկսվում է շինարարությունը` սկսվում է աղմուկը, պատերազմը»:
Կարինե Դանիելյանի համոզմամբ՝ տվյալ հարցի շուրջ ժողովրդի բողոք-ընդվզումն արդարացի էր. «Այո, արդարացված էր, և հատկապես հաշվի առնելով այն բացասական փորձը, որ արդեն հանրապետությունում կա: Այսինքն` պատահական չէ, իրոք, արդեն քանակը որակ է տվել, որովհետև մարդիկ տեսնում են՝ մի գետի վրա մի քանի, նույնիսկ թվով մինչև 9-10 հէկ-եր կարող են շարված լինել: Այս պահին Հայաստանում մոտ 149-150 փոքր հէկ ունենք, և, արդեն որոշ գետերի վրա խտությունը բավականին բարձր է, որի հետևանքով և համայնքներն են տուժում, և էկոհամակարգը: Առավել ևս, երբ նորմատիվներն էլ չեն պահպանում՝ ամեն ինչ շարքից դուրս է գալիս: Մարդիկ էլ այդ փորձը տեսնելով՝ արդարացիորեն անհանգստանում են»:
Խոսելով այսօրվա ամենակարևոր բնապահպանական խնդիրների մասին՝ Կ. Դանիելյանը, որպես առաջնային խնդիր՝ առանձնացրեց ընդերքօգտագործումը, որը լայնածավալ, էքստենսիվ տարածվում է. «Փաստորեն, չեն նայում՝ անտառածածկ տարա՞ծք է, պահպանվող տարածքի շրջակա՞յքն է, բուֆերային գոտի՞ է, ջրային ռեսուրսների ձևավորման տարա՞ծք է, թե՞ բնակավայրի անմիջապես կողքին է… Մենք դարձել ենք հումքային կցորդ երկիր, և դա միջազգային աշխատանքի բաժանման մեջ ամենացածր նիշն է (դա աֆրիկյան երկրների մակարդակն է): Եվ հումքը չենք էլ կարողանում լիարժեք օգտագործել և, փաստորեն, պոչամբարներով ծածկում ենք երկիրը: Սա մեր ամենամեծ վտանգն է»:
Բնապահպանը նշեց, որ կա նաև ջրային ռեսուրսների հետ կապված մեծ խնդիր. «Արարատյան դաշտի արտեզյան ջրերի մակարդակը խիստ իջել է, որովհետև վերջին տարիներին այդ ձկաբուծարանների գործունեության պայմաններում շատ ավելի շատ է ջուր օգտագործվել, քան արտեզյան ավազանը կարող է ինքնավերականգնվել: Եվ, քանի որ արտեզյան ջրերի մակարդակն իջել է, մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ հողերի անապատացում է տեղի ունենում, Սևանի ջուրն ենք ուզում օգտագործել, որը նոր խնդիր է առաջացնում Սևանի համար:
Ըստ համապատասխան օրենքի՝ Սևանը բացասական բալանս չպետք է ունենա, և ճիշտ է ասում օրենքը: Այսինքն` ջրերի մակարդակը կարող է նույնը մնալ, բայց ավելի ճիշտ է, որ պետք է բարձրանա: Մենք արդեն տեսել ենք մակարդակի բարձրացում: Չնայած, որ ափերը լավ չմաքրեցինք, Սևան եկող գետերը աղբատարի են վերածվել, ամբողջ բնակավայրերի աղտոտված ջրահոսքերը եթե մաքրվում են, ապա միայն մեխանիկական մաքրում են անցնում: Չնայած այդ ամենին` միայն ջրերի մակարդակի բարձրացումը և լրացուցիչ ջրի մուտքը Սևան՝ հանգեցրել է նրան, որ որակը խիստ լավացել է: Եվ դրական էֆեկտը մենք արդեն տեսնում ենք: Մենք գտնում ենք, որ այդ առողջացման գործընթացին հարվածել չի կարելի»:
Ըստ Կ.Դանիելյանի` հաջորդ բնապահպանական խնդիրը քաղաքաշինությունն է. «Մեզանում, միգուցե Համաշխարհային բանկի միջամտությամբ, միգուցե ընդհանուր համաշխարհային փորձից ելնելով, բայց մի քանի ոլորտների օրենսդրական, ենթաօրենսդրական դաշտերը, տնտեսական մեխանիզմներն այնպես կարգավորվեցին, որպեսզի լինի գերշահույթ, արագ շահույթ ստանալու հնարավորություն լինի: Շատ ցածր հարկեր դրվեցին, կամ նույնիսկ հարկերից ազատվեցին, որպեսզի մարդիկ շատ արագ կարողանան հարստանալ, և այդ ուղղությունները, այսպես կոչված, զարգանան: Քաղաքաշինությունը, մի կողմից՝ լավ երևույթ է, քաղաքները պետք է զարգանան, բայց մյուս կողմից հարց է բարձրանում՝ ինչպե՞ս զարգանան: Իսկ մեզանում դրվեց այդ կետային կառուցապատման համակարգը, ըստ որի, փաստորեն, որտեղ ազատ տեղ են տեսնում (լինի դա կանաչ տարածք, ընդհանուր օգտագործման տարածք, մանկական հրապարակ բակում, և այլն), եթե մարդը գումար ունի՝ տարածք են տրամադրում՝ առանց հաշվի առնելու էկոլոգիական, սեյսմիկ ռիսկերը»:
Իսկ ինչպիսի՞ն է մեր հասարակության վերաբերմունքը բնապահպանական խնդիրների նկատմամբ, որքանո՞վ է կարևոր բնակչության դերն այդ խնդիրների լուծման մեջ: «Հատկապես այսօր երիտասարդական էկոլոգիական շարժումը շատ դրական ազդեցություն ունի բնակչության մտածելակերպի, մենթալիտետի վրա, և այս առումով պետք է, որ ապագայում ավելի դրական արդյունքներ ունենանք: Առահասարակ, որևէ խնդիր լուծելու համար շարժումը երկկողմանի պետք է լինի` և վերևից, և ներքևից: Եթե միայն ներքևից եղավ՝ դարձյալ չի ստացվի, որովհետև վերևները միշտ ուրիշ որոշումներ կընդունեն: Եթե միայն վերևից եղավ, ապա ամեն ինչ թղթի վրա կմնա, ժողովուրդն իր ճանապարհով կգնա: Պետք է լինի երկկողմանի պայքար: Դեռ չեմ կարող ասել, որ մենք ունենք այդ երկկողմանի ընդառաջ շարժումը»,- ասաց Կ. Դանիելյանը: