Ինչու է ձգձգվում Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի շինարարությունը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է այժմ գտնվում Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, արդյոք կա՞ն ավարտին մոտեցած հատվածներ: Ի պատասխան Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, թե զարմացած է՝ կարևորագույն աշխատանքների վրա դահլիճում ստվեր են նետում:
«Չգիտես՝ ինչո՞ւ, բայց ստվեր է նետվում: Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ է այստեղ ու կլսի իմ խոսքերը, մի հեռախոսազանգով ու նամակով պատասխանը կլիներ, որ այսօր Հյուսիս-Հարավում ամեն ինչ նորմալ է ընթանում ու աշխատանքերը շատ որակով կազմակերպվում են»,- նշեց նա:
Նախարարը հիշեցրեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած նախորդ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ ճանապարհի կառուցումը հինգ տարի է՝ ձգձգվում է: Գագիկ Բեգլարյանն ասաց, թե բանակցությունները սկսվել են 2009 թվականին, մրցույցը կայացել է 2011թվականին:
«Ուշացում կա, բայց ոչ թե հինգ տարի, այլ հինգ ամիս»,- ասաց Գ. Բեգլարյանը, ապա մանրամասնեց, որ աշխատանքների հետաձգման պատճառներից մեկը տեխնիկական է: Ըստ նրա՝ մեքենաների ներկրումը Հայաստան ուշացել է մի քանի ամիս, երկրորդ պատճառը՝ Կառավարության կողմից որակի պահանջն էր, իսկ երրորդն այն էր, որ իսպանական կողմը՝ շինարարները, ցանկանալով ունենալ ավելի մեծ եկամուտներ, ուզում էին ցեմենտը ներկրել Հայաստան: Իսկ ցեմետը, Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանում կլինի մարտի 17-ին: