Թող ոչ մի ստրուկ չպահանջվի, ինձնից բացի

Հայ ազգային կոնգրես կուսակցության այսօրվա հանրահավաքում ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ասում են, «խփեց վերջին մեխերը»: Մարտի 1-ին նվիրված հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց մի հիմնական ասելիք, ուղերձ, խնդրանք, պահանջ…, որը որևէ կապ չուներ Մարտի 1-ի հետ: Ավելի շուտ, կապ ուներ այնքանով, որքանով՝ ինչպես այն ժամանակ ՀԱԿ-ն էր հայտարարում, ռուսական Ալֆայի հատուկ ջոկատայիններն էին նաև մասնակցել Մարտի 1-ի սպանդին:

Սակայն այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր ոչ թե Ալֆայի, այլ Մաքսային միության մասին: Նա առանց այլևայլությունների, ամենաուղիղ ձևով հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացն այլևս անդառնալի է և կայացած փաստ, ու Հայ ազգային կոնգրեսը պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ:
Նա որևէ բառ չասաց այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցությունը ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը, ուղղված է Հայաստանի անկախության դեմ: Նա ընդամենն արձանագրեց, որ դա անշրջելի փաստ է, այն դեպքում, երբ պաշտոնապես Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթ դեռևս ստորագրված չէ: Բայց դա տեխնիկական դետալ է:

Տեր-Պետրոսյանն այնքան անդառնալի է համարում այդ կայացած փաստը, որ խոսում է դրանում Հայաստանի դերի, հեռանկարի մասին: Եվ ասում է, որ խնդիրը ոչ թե Մաքսային միությանն անդամակցության գործընթացը շրջելն է, այլ Մաքսային միությունում Հայաստանն արժանապատիվ ներկայացնող իշխանություն ունենալը:

Թե ում է ուղղված այս ուղերձը, դժվար չէ կռահել: Միակ հարցն այն է՝ արդյո՞ք Վլադիմիր Պուտինն այս խառը ժամանակներում, ուկրաինական դարդը թողած, ականջալուր կլինի արժանապատվության ինքնամատուցման այս բացառիկ դրսևորմանը և գործնական քայլեր կձեռնարկի, թե՞ կթողնի, որ հայաստանածին ուժերն էլ ավելի արժանապատվորեն սպասեն: Պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե չի ասում՝ երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը: Հասկանալի է, որ պետք է սպասել պատասխանին:

Հետաքրքիր է՝ ո՞ւմ միջոցով Պուտինը կպատասխանի Տեր-Պետրոսյանին, ասենք՝ Սմբատ Կարախանյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի, ում խոսքն այսօրվա հանրահավաքում բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը որակեց ոչ ավել, ոչ պակաս՝ պատգամներ:

Տեսանյութեր

Լրահոս