Բաժիններ՝

Գյուղնախարարությունն` ընդդեմ գյուղացու

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը և ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին մեղադրում է գերշահույթներ հետապնդելու մեջ, մինչդեռ ԳՆ-ն առևտրային կազմակերպություն չէ, իսկ գործակալությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և դրանք կոչված պետք է լինեն աջակցել գյուղացուն:

Մեզ հետ զրույցում Հ.Բերբերյանը նշեց, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, ՌԴ-ից ներկրված ցորենի սերմացուի հետ կապված դատական հայցեր ներկայացնելով ֆերմերների դեմ, խախտել է մի շարք օրենքներ. մասնավորապես, ըստ նրա` խախտվել են «Սերմերի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ մասի պահանջները, քանի որ ներկրված սերմերը ՀՀ-ում չեն անցել 2-3 տարի փորձաշրջան, իսկ ներկրված 7 սորտերից գրանցված է եղել միայն 1-ը, «Սերմերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջները, այն է` ՀՀ չեն կարող ներմուծվել չգրանցված և փորձաշրջան չանցած սերմեր:

Բացի այդ, Բերբերյանի ներկայացմամբ` շահառուների և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված փոխառության պայմանագրում խախտվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի պահանջները, այն է` փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեր տոկոսների չափը և հաշվարկման կարգը:

Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, այնինչ` փոխառության պայմանագրում սահմանվել է տոկոսի չափը` 100%, իսկ այդ տարիներին ՀՀ ԿԲ-ի սահմանած տոկոսադրույքը եղել է 12-13%, այսինքն` օրենքով նախատեսվածից 74-76% ավելի է սահմանվել, որի համար ՀՀ Քրեական օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանված:

Կարդացեք նաև

Հ. Բերբերյանը նշում է, որ փոխառության պայմանագրում չեն նշվել անհաղթահարելի ուժի վերաբերյալ դրույթներ, սակայն պայմանագրի 6.3 կետով նշվել է, որ կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 417 հոդվածի 3-րդ կետի և 432 հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն` պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, որն առաջացել է անհաղթահարելի ուժի` անբարենպաստ եղանակի հետևանքով:

«Հարցը 2 մասից է բաղկացած` ԳՆ-ն պնդում է, որ մի կողմից` գյուղացին է մեղավոր, մյուս կողմից` երաշտ էր: Բայց Արարատում ոռոգելի հողեր են, ի՞նչ երաշտի մասին է խոսքը, իսկ օդերևութաբանական կայանը 2011-2012 թթ. գարնանը երաշտ չի հայտարարել հանրապետությունում: Եթե իրենք պնդում են երաշտ, իսկ պայմանագրերում չեն նախատեսել ֆորսմաժորային իրավիճակներ, դա միջազգային նորմերի խախտում է: Օրինակ` եթե Մասիսը հրաբխեր, ու ցորենը վառվեր, միևնույն է, գյուղացիները պետք է փողը տայի՞ն: Սա սրիկայություն է»,- ասում է Հրաչյա Բերբերյանը:

Էլիտար սերմացուի ծրագրին 2011-ին մասնակցել է մոտ 250-270 ֆերմեր, որոնց 40%-ն այժմ, ըստ Բերբերյանի, դատական քաշքշուկների մեջ է հայտնվել, այն դեպքում, երբ նրանց մի մասը գումարն ամիջապես է վերադարձրել, կամ վերադարձրել է սերմացուն՝ 1:2 հարաբերակցությամբ:

Միության նախագահը նշեց, որ փոխառության պայմանագրի դեպքում հնարավոր չէ, որ 350 դրամ ինքնարժեքով սերմի դիմաց ԳՆ-ն գյուղացուն պարտադրի վճարել 700 դրամ. «Ֆերմերները պարտքի տակ են ԳՆ գերշահույթի պատճառով: Ընդ որում՝ կառավարությանը ՄԻՊ-ի դիմումից հետո իրենց պահանջն իջեցնում, դարձնում են 420 դրամ: Միևնույն ժամանակ` ԳՆ-ն փորձում է խուսափել սերմի որակի պատասխանատվությունից»:

Մինչ այս 2 դատական հայցերով ԳՆ-ի ՊՈԱԿ-ը շահել է դատը, որովհետև, Բերբերյանի կարծիքով, ֆերմերների փաստաթղթային ձևակերպումները պատշաճ չէր արվել, իսկ ֆերմերների հաղթանակի արդեն 2 նախադեպ կա:

«ՀՀ նախագահին կից պետք է ստեղծվի անկախ մասնագետների հանձնաժողով՝ առանց ԳՆ-ի միջամտության, և լրջորեն պետք է հաշվել ֆերմերներին հասցված վնասը: Քր.օրենսգրքի տարրեր կան, որ կարող են զարգանալ: 2010-2011 թթ., երբ նախագահը դիմեց ՌԴ-ին, հոյակապ սերմացու ստացանք, և բարձր որակի բերք ապահովվեց: Եթե մի մասնավոր ընկերություն ներկրած լիներ այդ սերմը, այսօր արդեն ԱԱԾ-ն էր զբաղվել դրանով: Արդեն երկրորդ-երրորդ տարին է` նույն մարդն է գնում սերմ բերելու: Ինչո՞ւ»,- եզրափակեց Հ.Բերբերյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս