ԱԺ-ում հնչած շատ ելույթներ Նաիրա Զոհրաբյանի մոտ «լվացվելու ցանկություն են առաջացրել»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, թե Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քննարկումների ժամանակ հնչած ելույթներից շատերն իր մոտ «լվացվելու ցանկություն են առաջացրել», որովհետև դրանց մեջ «քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր»:

Անդրադառնալով այն գնահատականներին, թե հանձնաժողովը ստեղծելու նախագիծը քաղաքական հարթության մեջ է, Ն. Զոհրաբյանը ասաց, որ պետք չէ վախենալ հարցին քաղաքական ձևակերպում տալուց, որովհետև հարցն, ըստ նրա, քաղաքական է և իրավական, ինչո՞ւ ոչ՝ նաև բարոյական:

«Մենք մեր գործընկերներին պետք է սատարենք և այս հանձնաժողովի ստեղծմամբ հնարավորություն ստեղծենք, որ բոլոր հարցերը ստանան իրենց պատասխանները»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի մասին մամուլում հրապարակված «սուտ» տեղեկություններին, ապա ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, թե իշխանության «բալանսի վրա աշխատող թերթոնները» իշխանության մոտ «զաչոտ են հանձնում, ուստի զաչոտ ստանալու համար պետք է աղբ տարածեն»:

«Իշխանության բալանսի վրա աշխատող թերթոններին ԲՀԿ-ն միշտ անդրադարձել է և կանդրադառնա, բայց հիմա նրանց ևս մեկ անգամ անդրադառնալը ճոխ կլինի իրենց համար»,- հավելեց նա:

ԲՀԿ-խմբակցության քարտուղարը հայտնեց, թե իրենք կողմ են քվեարկելու Մարտի 1-ի գործով վերոնշյալ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը և պահանջում են, որպեսզի  հանձնաժողովը բաց լինի ԶԼՄ-ների համար: «Այս հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ շատ ելույթներ դեմագոգիա էին և իմ մոտ նողկանք առաջացրեցին»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս