Բաժիններ՝

Էլեկտրոնային մամուլի խաղի կանոնները կփոխվե՞ն

Եվ այսպես, հայկական կայքերի վարկանշմամբ զբաղվող Circle.am պորտալը երեկվանից ներկայացավ նոր կերպարով։ Այն այսուհետ ոչ թե ներկայացնում է հայկական կայքերի դիտումների քանակը, այլ վարկանշավորում է դրանք՝ անկախ մոդերատորների և վեբմաստերների գնահատականների հիման վրա։

Մոդերատորները մեդիա դաշտի փորձագետներ են, որոնք գործում են անանուն։

Համաձայն Circle.am կայքում տեղադրված ինֆորմացիայի՝ մոդերատորները հայկական մեդիայի և IT ոլորտի հանրաճանաչ ներկայացուցիչներ են, ովքեր, սակայն, անանուն են հանդես գալու՝ անկախություն ապահովելու և ճնշումները բացառելու նպատակով: Այս պահի դրությամբ ընտրվել է 9 մոդերատոր:

Իսկ վեբմաստերները Circle.am-ում գրանցված կայքերի հեղինակներն են, որոնք կարող են քվեարկել միայն ոչ իրենց պատկանող կայքերի օգտին:

Գնահատման համար գործում են հետևյալ չափանիշները.

  • Հայ օգտատերերի համար պատրաստվող ընդհանուր նյութերի քանակ և որակ,
  • Հայալեզու բովանդակություն, կիրառված լեզվի որակը,
  • Գաղափարների և բովանդակության թարմություն ու յուրահատկություն,
  • Ընդհանուր մեկնաբանությունների որակը,
  • Ձևավորումը և տեխնոլոգիական նորամուծությունները,
  • Հարմարավետությունն ու մատչելիությունը,
  • Վստահությունը, որ կառաջարկեք այս կամ այն կայքն ուրիշներին:

Արդեն երեկ սոցիալական կայքերում շրջանառվում էին տեսակետներ այն մասին, որ այս նորամուծությունը հայկական էլեկտրոնային մամուլը կմաքրի աղբից և կբարձրացնի լրատվության որակը։ Հիմնավորումը հետևյալն է.

Circle համակարգը մինչև այս փոփոխությունը ներկայացնում էր հայկական կայքերի այցելությունների և դիտումների քանակը։ Տվյալները թարմացվում էին կես ժամը մեկ, և Circle-ում այցելուն հնարավորություն ուներ տեսնելու հայկական կայքերի դիտման վիճակագրությունը՝ ըստ օրերի, շաբաթների և ամսվա:

Բնականաբար, այդ տեղեկատվությունը հետաքրքրում էր առաջին հերթին՝ գովազդատուներին։ Չէ՞ որ նրանք շահագրգռված են գովազդ տեղադրել առավել շատ դիտում ունեցող կայքերում։

Դրա համար էլ հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ները հայտնվել էին ինչ-որ ցիկլի մեջ։ Գովազդ ներգրավելու համար հարկավոր էր դիտումներ ապահովել և Circle-ում վեր բարձրանալ ամեն գնով։

Սկզբնական շրջանում շատ տարածված միջոց էր համարվում էրոտիկ բնույթի նյութեր տեղադրելը, փորձով հաստատված է, որ նման նյութերը մեծ թվով այցելություններ են ապահովում։ Դիտում ապահովելու համար կայքերը նաև վերնագրային մանիպուլյացիաների օգնությանն էին դիմում։ Օրինակ, եթե հեռավոր սահմանամերձ գյուղում բնակվող Հովհաննես Աբրահամյան անունով որևէ գյուղացու խոտի դեզը հրդեհվել էր, ապա հնարավոր էր լրահոսում կարդալ նման վերնագիր՝ Հովիկ Աբրահամյանը խոշոր կորուստ է ունեցել։ Փորձված է նաև, որ դիտումներ են ապահովում նաև կրիմինալ պատմությունները, դաժան տեսարանները և այլն։ Դրա համար շատ ԶԼՄ-ներ չէին խորշում արտերկրում տեղի ունեցած արտակարգ դեպքերն այնպես լղոզել, որ ընթերցողը չհասկանար, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը։ Հետո նման երևույթները փոքր-ինչ (շատ քիչ չափով) նվազեցին, որովհետև լրատվամիջոցները սկսեցին ուշադրությունը կենտրոնացնել սոցիալական ցանցերի, հատկապես՝ Ֆեյսբուքի վրա։ Բոլորը լայքեր էին գնում, ինչի արդյունքում սկսվեց մի անիմաստ մրցավազք ու աբսուրդային վիճակ։ Այսինքն՝ հնարավոր դարձավ, որ 3 օր առաջ ծնունդ առած ինչ-որ կայք միանգամից մեծ գումար ներդնի, մեկ ամսվա մեջ հավաքի 100 հազար լայք և Ֆեյսբուքի շնորհիվ ապահովի ավելի մեծ դիտումներ, քան տարիների պատմություն ունեցող լուրջ ԶԼՄ-ները։

3-4 ամիս առաջ ՖԲ-ն փոխեց իր ալգորիթմը, և լայքեր գնած հայկական կայքերը կանգնեցին փաստի առաջ՝ նրանց 100 հազարանոց ֆեյսբուքյան էջն այլևս դիտումներ չէր ապահովում։

Ու կրկին նոր թափով ինտերնետում սկսեց տարածվել էրոտիկան, կրիմինալը, էժանագին սկանդալը, և այլն։ Որոշ ԶԼՄ-ներ անգամ հեռացվեցին կամ ինքնակամ հեռացան Circle-ից՝ մեկը մյուսին մեղադրելով մեքենայությունների մեջ։

Հիմա Circle-ը՝ նախկին տեսքով, չկա։ Չկա նաև դիտումների քանակն արտացոլող որևէ այլ ռեսուրս։ Հետևաբար՝ չկա նաև ամեն գնով դիտումներ ապահովելու անհրաժեշտություն։ Հենց սրա հիման վրա շատերը լավատեսորեն ենթադրում են, որ ինտերնետ լրահոսը կմաքրվի։

Սակայն, անկեղծ ասած, դա այդքան էլ միանշանակ չէ։ Նախ՝ Circle-ը չի հայտարարել, որ կայքերի դիտումների հաշվարկ չի իրականացնում։ Հնարավոր է՝ իրականացնում է, սակայն չի հրապարակում։ Ի վերջո, դա բավականին արժեքավոր տեղեկատվություն է, որը կարելի է վաճառել գովազդատուներին։ Բիզնեսի տրամաբանության առումով՝ դա արդարացված մոտեցում է։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտարարվել էր՝ Circle-ն ավելի ամբողջական և մանրամասն տեղեկություններ է ապահովելու գովազդատուների համար։

Այսինքն՝ որոշումները գովազդատուների կողմից չեն հիմնվելու միայն մոդերատորների և վեբմաստերների վարկանիշի վրա։ Այս առումով մեր գովազդատուները բավականին պահպանողական են և ամենից առաջ ցանկանում են տեսնել այցելությունների թվերը՝ լինի դա Circle-ով թե Google Analytic-ով։

Սա նշանակում է, որ դիտում ապահովելու մրցավազքը չի դադարելու։ Պարզապես այն արտացոլման տեղ (ինչպես նախկին Circle-ն էր) առայժմ չի ունենա։ Ասում ենք՝ առայժմ, որովհետև ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնա։ Կարծում ենք՝ մոտ ապագայում կհայտնվի նախկին Circle-ի անալոգը։

Ինչ վերաբերում է հարցի բովանդակային կողմին։ Արդյո՞ք դիտում ապահովելու լավագույն ձևը վերը նշված աղբն է։ Ցավոք սրտի, այո, և ոչ միայն Հայաստանում։

Տարիներ առաջ անգլիական «The Daily Mirror»-ը շուկայական հետազոտություն էր կատարել և պարզել, որ ընթերցողների մեծ մասը դեմ է էրոտիկ բնույթի ինֆորմացիային և սկանդալային լուրերին։ Այդ հետազոտությունը լուրջ ընդունելու արդյունքը եղավ այն, որ թերթի ընթերցողների մի մեծ բանակ անցավ The Sun տաբլոիդի կողմը։ Հետագայում այս թվացյալ պարադոքսը բացատրվեց։ Բանն այն է, որ հարցման մասնակիցները ոչ միշտ են անկեղծ պատասխանում բոլոր հարցերին՝ բարդույթավորվելով այն մտքից, որ իրենք կարող են սխալ ընկալվել։

Ճիշտ նույն մեխանիզմով աշխատում է հայկական մեդիադաշտը։ Երբ դրվում են էրոտիկ բնույթի նյութեր, գողական աշխարհի մասին ինֆորմացիա կամ հայհոյանք, դրանք հայտնվում են լուրերի առաջին եռյակում։ Ու նման լուրերը հետաքրքրում են առաջին հերթին՝ այն ընթերցողներին, ովքեր մեկնաբանությունների մեջ անարգանքի սյունին են գամում լուրի հեղինակին։

Սա ոչ թե արդարացնում է ԶԼՄ-ների կողմից ընթերցողին աղբ հրամցնելը, այլ պարզապես ցույց է տալիս օբյեկտիվ դաժան իրականությունը։ Մատուցվում է այն, ինչ պահանջարկ ունի, եկամուտ է ստանում նա, ով բավարարում է այդ պահանջարկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս