Ըստ Դուգինի՝ Հայաստանի համար Մաքսային միության այլընտրանքն աշխարհի երեսից վերանալն է. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը։

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

– Պարոն Դուգին, Հայաստանում Ուկրաինային ուղենիշային են համարում։ Ի՞նչ համեմատականներ կարելի է անցկացնել։

– Հայաստանը պետություն է, ազգ, այստեղ գոյություն ունեն պատմական նախադրյալներ, միատարր հասարակություն, տարբեր քաղաքական ուժեր՝ ազգայանական, արևմտամետ, ռուսամետ… Կան տարբեր ուժեր, բայց մեկ հասարակություն է։ Իսկ նմանությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը չի կարող լուծում ունենալ ու միգուցե լավ է, որ այն ոչ մի կերպ չի հանգուցալուծվում, խնդիրը իրենից ներկայացնում է աշխարհաքաղաքական իմաստով անալոգիայի վրա հիմնված իրավիճակ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին. թեև փոքր մասշտաբով, քանի որ օրինակ ԼՂ պարագայում որևէ կողմի օգտին հակամարտության կարգավորումը հակամարտության, պատերազմի և արյան է տանում, որը ձեռնտու է Ամերիկային, իսկ Ռուսաստանը դրա արդյունքում կպարտվի միայն՝ քանի որ Ռուսաստանը ջանում է հավասարակշռել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանն ավելի կայուն և ավելի կանխատեսելի երկիր է։

– Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան։ Չկա՞ մտավախություն, որ դրանց արդյուքում Հայաստանն, ի վերջո, չի գնա Մաքսային միություն։

– Իհարկե՝ դա վատ է, քանի որ հետխորհրդային տարածքում ցանկացած հակառուսական տրամադրություն վաղ թե ուշ արժանանալու է Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարին։ Ռուսաֆոբիան երաշխիք է ցանկացած հետխորհրդային երկրում քաղաքացիական պատերազմի համար։ Իսկ այդպիսի տրամադրությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ը։ Սա հուսահատ խաղ է։ Ցանկացած հակառուս հայը հայ ժողովրդի թշնամին է, ոչ թե ռուս ժողովրդի։ Ինչ վերաբերում է ՄՄ-ին չմիանալուն, ապա Հայաստանն ունի այլընտրանք՝ կա՛մ միանալ ՄՄ-ին, կամ վերանալ աշխարհի երեսից՝ ընկմղելով արյունահեղության մեջ։ Սա է այլընտրանքը, երկիրը ազատ ընտրության իրավունք ունի։

– Ինչո՞ւ արյունալի։

– Ռուսաստանը ճնշումներ չի գործադրելու, այլ Հայաստանը չունի հնարավորություններ տնտեսական իմաստով ապահովել իր ինքնուրույնությունը։ Հայաստանը կախված է լինելու արտաքին աջակցություննց, իսկ դրա դեպքում այն բերելու է արյունալի հակամարտության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, քանի որ Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Արևմուտքին այն հետաքրքիր է միայն որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Իսկ հայկական տնտեսությունը արևմտյան աջակցությամբ պահելով՝ որպես այլընտրանք ինտեգրացիոն պրոյեկտների, Հայաստանը, ինչպես Սիրիան, Լիբիան, Իրաքը վճարելու են արյան գնով։ Տեսեք թե ինչ պատահեց հարևան վրացիների հետ։ Թեև նրանց դեպքում սա վերջը չէ, նրանք մտածում են՝ եթե Հայաստանը հրաժարվի այդ նախագծերից, բարդ ժամանակներ կգան, քանի որ Հայաստանի հետաքրքրություններից է բխում պահպանել պետությունը: Բոլոր հետխորհրդային երկրների ազգային ամբողջականության բանալին Մոսկվայում է: Եթե Մոսկվան ասում է «այո», ապա Վրաստանն ամբողջական է, եթե Մոսկվան ասում է «ոչ», ապա Վրաստանը բաժանվում է, եթե Մոսկվան ասում է «այո», ապա Ուկրաինան բաժանված է, եթե ասում է «ոչ», ապա Ուկրաինան երկուսը կլինի, եթե Մոսկվան ասում է «այո», Հայաստանը մեկն է՝ ԼՂ-ի հետ միասին, իսկ եթե Մոսկվան ասում է «ոչ», այլապես կտեսնեք, թե ինչ կլինի…

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս