Ինչո՞ւ է հետաձգվում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները հերթական անգամ որոշել են հետաձգել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկումը: Ավելի ճիշտ, նրանք չեն կարողացել համաձայնության գալ այդ որոշումը խորհրդարանի օրակարգ մտցնելու հարցում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և նախարարները կարող են ևս երեք շաբաթ հանգիստ պաշտոնավարել:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին խոսվում էր դեռևս 2013թ. տարեվերջին, և այդ գաղափարի հեղինակը ՀԱԿ խմբակցությունն էր:

Մյուս խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են պաշտպանել ՀԱԿ նախաձեռնությունը: 2013թ. ՀԱԿ-ը այդպես էլ անվստահության մասին որոշման նախագիծ չներկայացրեց, և հարցը տեղափոխվեց 2014թ.: Այդ ընթացքում որոշում կայացվեց, որ այն կլինի ոչ թե ՀԱԿ-ի այլ բոլոր չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը:

Հունվարի կեսերին խոսվում էր, որ հարցը խորհրդարանում պետք է քննարկվի գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում: Բայց քննարկումը հետաձգվեց: Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ հունվարի 27-31-ը Ստրասբուրգում ընթանում էր ԵԽ ԽՎ նստաշրջանը, և այս խմբակցություններից երկուսի` ՀՅԴ և ՀԱԿ ղեկավարները և ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատվիրակության կազմում գտնվում էին Ստրասբուրգում:

Իսկ ո՞վ պետք է պատրաստեր անվստահության մասին որոշման նախագիծը, եթե ոչ` խմբակցությունների ղեկավարները:

Անցած շաբաթ այս խմբակցությունների ներկայացուցիչները երկու խիստ փակ նիստ անցկացրեցին, որոնցից առաջինի ժամանակ յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց անվստահության որոշման նախագծի իր տարբերակը, իսկ երկրորդ նիստի ժամանակ քննարկվեց համաձայնեցված ընդհանուր տարբերակը: Խիստ գաղտնի նիստի ժամանակ ընդհանուր որոշման նախագծի համաձայնեցումը չափազանց դժվար է եղել, քանի որ կողմերից յուրաքանչյուրը ցանկացել է, որ այնտեղ առավել մեծ չափով ընդգրկված լինեն իր ներկայացրած տարբերակից հատվածներ: Բայց, ի վերջո, տեքստը համաձայնեցվել է և արժանացել բոլոր չորս խմբակցությունների հավանությանը:

Թվում է, թե այսքանից հետո որևէ բան չպետք է խանգարեր, որ որոշման նախագիծը մտնի փետրվարի 24-27-ի քառօրյայի օրակարգ և արտահերթ կարգով քննարկվի: Անհրաժեշտ էր ընդամենը հավաքել 44 ստորագրություն, և ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջներին համապատասխան` ԱԺ նախագահը պետք է արտահերթ կարգով կազմակերպեր որոշման նախագծի քննարկումը:

Բայց հենց գաղտնի նիստի ժամանակ որոշվել է առայժմ ձեռնպահ մնալ խորհրդարան որոշման նախագիծ մտցնելուց:

Իսկ ո՞րն է այս հետաձգման հիմնավորումը: Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ առաջիկա քառօրյայի ընթացքում ՀԱԿ խմբակցությունը մտադիր է ներկայացնել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: Այդ նախագիծն օրակարգ է մտնելու ոչ իշխանական խմբակցությունների կողմից 44 ստորագրություն հավաքելու միջոցով: ՀՀԿ-ականներն իրենց հերթին` 44 ստորագրություն հավաքելու միջոցով կարող են օրակարգ մտցնել «գազային պայմանագրերն» ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ:

Իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները կարծում են, որ երրորդ որոշման նախագիծը`կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, կարող է ավելորդ լինել և ծանրաբեռնել խորհրդարանի աշխատանքը: Այսինքն փորձում են ձևացնել, որ առջևում մարտի 1-ն է, որը ՀԱԿ-ի համար սկզբունքային նշանակություն ունի, և խորհրդարանական գործընկերները մտադիր չեն խոչընդոտել ՀԱԿ անդամ իրենց գործընկերներին: Ահա այս բարի կամքի դրսևորման արդյունքում է, որ հարցը հետաձգվել է մինչև հաջորդ քառօրյա:

Իրականում բոլոր այս պատճառաբանությունները կատարյալ անհեթեթություն են և որևէ կապ չունեն իրականության հետ: Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը ոչ մի կապ չունի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագծի հետ, և այս երկու որոշման նախագծերն էլ կարող էին քննարկվել նույն քառօրյայի ընթացքում: Ընդհակառակը` օրակարգ մցնելով միաժամանակ երկու նախագիծ, ոչ խորհրդարանական ուժերը կարող էին ցույց տալ, որ խորհրդարանի օրակարգը ձևավորում են իրենք, և իրենք են որոշում, թե ինչ հարցեր պետք է քննարկի խորհրդարանը:

Բայց նրանք չեն կարող նման բան անել մի պարզ պատճառով. խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների անդամների մի զգալի մասը չի կարող գալ խորհրդարան և կողմ քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագծին: ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամ գործարար պատգամավորներն իրենց չեն կարող թույլ տալ մտնել մի այնպիսի քաղաքական արկածախնդրության մեջ, որի հետևանքները կարող են չափազանց ծանր, եթե ոչ` բախտորոշ լինել իրենց տնտեսական գործունեության համար: Իսկ նրանց համար առաջնայինը հենց տնտեսական գործունեությունն է, իսկ քաղաքականը կոչված է ընդամենը սպասարկել տնտեսականին:

Օրինակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է գալ խորհրդարան և անձնական օրինակ ցույց տալ խմբակցության մյուս անդամների համար, կողմ քվեարկելով կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագծին: Իհարկե, Ծառուկյանը նման բան չի անի և չի կարող նույնը պահանջել իր կուսակից գործընկերներից: Այնպես որ, կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը շարունակելու է մնալ խորհրդարանական չորս ուժերի համար բերանի ծամոն, որը նրանք անընդհատ ծամելու են` իրենց ընդդիմադիր վարքը ցուցադրելու համար:

Անցած տարի ամռանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանում իրենք կարող են բարձրացնել նախագահ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու հարցը: Բայց այս հարցում խորհրդարանական չորս խմբակցությունները չկարողացան համաձայնության գալ, քանի որ պաշտոնանկության հարց բարձրացնելուն կողմ էր միայն «Ժառանգությունը»: Որոշվեց հանուն լայն համախմբման` պահանջը մեկ աստիճան իջեցնել և կենտրոնանալ կառավարության հրաժարականի պահանջի վրա:

Թվում էր` այս հարցում բոլորը համակարծիք են, քանի որ և ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հրապարակայնորեն իրենց դժգոհությունն էին հայտնել կառավարության գործունեությունից: Բայց մի բան է, երբ առանձին պատգամավորներ են քննադատում կառավարությանը, մեկ այլ բան, երբ դա պետք է անի ամբողջ խմբակցությունը:

Ճիշտ կլինի, եթե ոչ իշխանական խմբակցությունները ավելի իրատեսական նպատակ դնեն իրեն առջև և քննարկեն որևէ նախարարի կամ մարզպետի անվստահություն հայտնելու հարցի շուրջ միավորվելը: Ճիշտ է, այս հարցում ևս խմբակցություններում տարաձայնություններ կլինեն. ինչ-որ պատգամավոր գործարար հարաբերություններ կունենա նախարարի հետ, մյուսն այդ մարզում գազալցակայան կամ ասֆալտի գործարան կունենա: Բայց փորձել պետք է. բացառված չէ, որ ստացվի:

Տեսանյութեր

Լրահոս