Այս իշխանություններն ամեն ինչի պատրաստ են՝ իրենց պաշտոնը պահելու համար
Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց, թե որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ «առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը»: Որպես արտախորհրդարանական ուժի նախագահ, ով բազմիցս հանդես է եկել քննադատությամբ, ինչպե՞ս եք վերաբերվում այս գնահատականին:
– Սերժ Սարգսյանը, ի՞նչ է, ուզում է կոմունիստական իշխանությունների նման լինի, որ որևէ մեկը որևէ տեսած բանի մասին չասի՞: Իսկ ի՞նչ է, ինքը կարծում է, որ այս երկրում ամեն ինչ լավ է ու որևէ բաց տեղ չկա՞: Սերժ Սարգսյանը կամ իրավիճակին բացարձակ չի տիրապետում, ու ինքն իրեն համոզել է, որ Հայաստանն աշխարհի ամենալավ երկիրն է, ինչը շատ տխուր է, անթույլատրելի տխուր է, կամ, եթե նա տիրապետում է իրավիճակին ու նման հայտարարությամբ է հանդես գալիս, արդեն անհասկանալի է:
– Այսինքն` ոչ իշխանական ուժերի քննադատությունը, որը հնչում է գործող իշխանության հասցեին, փաստարկվա՞ծ է:
– Գիտեք, այստեղ փաստարկելու բան չկա: Հայաստանում թե՛ տնտեսական, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ դեմոգրաֆիկ, թե՛ աշխարհաքաղաքական վիճակներն օր օրի ծանրանում են, չեն թեթևանում: Այստեղ ի՞նչը փաստարկես… Հայաստանի մեծ մասն ուզում է լքել այս երկիրը, երիտասարդության մեծ մասը չունի աշխատելու հնարավորություն, աշխատանք ունեցողի գրպանն էլ արդեն այն աստիճանի են մտնում, որ մարդ չգիտի` պայքարի՞, թե՞ թողնի գնա: Էլ ի՞նչը փաստարկես, ամեն ինչ պարզ է:
– Կարծիքներ կան, որ Ս. Սարգսյանի այս հայտարարությունը խոստովանություն էր, որ բացի իր կողմից ղեկավարվող ՀՀԿ-ից, Հայաստանում չկա փաստորեն մեկը, ով չի քննադատում իր գործունեությունը: Համաձա՞յն եք:
– ՀՀԿ ասվածն էլ լայն հասկացողություն է: Ես ՀՀԿ-ում բազմաթիվ ընկերներ ունեմ և կարող եմ ասել, որ իրենք էլ դժգոհ են իշխանություններից: Այսօր նույնիսկ դժգոհում են Սերժ Սարգսյանի կողքին կանգնած օլիգարխները: Սարգսյանն էլ երևի այդ մասին գիտի, բայց լռում է, որովհետև «ցեխը» հիմնականում այդտեղից է շպրտվում, և լավ կանի` այդ ուղղությամբ նայի: Ես այսօր չգիտեմ մի գործարար մարդ, ով չասի, թե այս երկրում այլևս չի լինում աշխատել, և սրա մասին ասում են հենց ՀՀԿ-ում եղած օլիգարխները, որոնց անունները հնչեցնելն անգամ անիմաստ եմ համարում. դա փաստ է:
– Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, թե «ամեն ինչ լավ է լինելու»: Չե՞ք հավատում այս հայտարարությանը:
– Այն հարցերի պատասխանները, որոնք ինքը տվեց, դրանցով ոչ թե չպարզեց դրանք, այլ` ավելի խճճեց, և իմ համոզմամբ` ցույց տվեց, որ բացարձակապես պատրաստ չէ անդրադառնալ այդ հարցերին: Իրենց ասած որևէ խոսքի ես չեմ հավատում, որովհետև հենց նույն Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդավարությունից, ընտրություններից առաջ ասում է, թե Հայաստանի նման պետության փրկությունը ժողովրդավարական իշխանություններ ձևավորելու մեջ է, ժողովրդավարության միջոցով այս տարածաշրջանում առաջ ընթանալն է, բայց ընտրությունների ժամանակ փող է բաժանում, կեղծում է ընտրությունները, կեղծիքով իշխանության է գալիս: Սերժ Սարգսյանն այսօր զարմանում է, թե` ինչո՞ւ եք «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքից խոսում, չեք խոսում 80 տոկոսից, խոսում եք 20 տոկոսից: Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը, ի՞նչ է` «Տաշիր պիցցայում» էր աշխատո՞ւմ: Ինչպե՞ս կարող եմ հավատալ նրա խոսքին: Ես ոչ միայն չեմ հավատում, այլև` չեմ վստահում: Ես ընդհանրապես չընտրված իշխանությունների որևէ խոսքին չեմ հավատում: Այս իշխանություններն ամեն ինչի պատրաստ են` իրենց պաշտոնը պահելու համար: Ու իրենք իրենց համոզել են, թե այս երկրում միակն ու անկրկնելին իրենք են, որ, եթե իրենք չլինեն իշխանության` Հայաստանը կփլվի, կդատարկվի, այն դեպքում, երբ ամեն ինչ հակառակն է: Իրականում հենց իրենց պատճառով է, որ այսօր տարածաշրջանում ամենացածր տնտեսական մակարդակը գրանցված է Հայաստանում, ամենացածր վճարվող քաղաքացին Հայաստանում է, ամենամեծ գործազրկությունը Հայաստանում է: Էլ ինչի՞ն, ասեք, ինչի՞ն հավատամ: Ամենատխուրն այն է, որ այս իշխանություններն իրենք իրենց համոզել են, որ այս երկրում ամեն ինչ լավ է: Իրենք իրենց գրած թվերը կարդում են, ասում են` լավ է, ինչի՞ց են բողոքում: Իշխանությունների բերած արգումենտը սա է, ասում են` այ, պետք է ոչ թե` 30, այլ` 60 տարի տայի, դրա համար պիտի բողոքեիք, թե չէ հիմա բողոքում եք… Թող միակուսակցական համակարգ սարքեն, Սերժ Սարգսյանը Ղազախստանի նախագահի` Նազարբաևի պես, կդառնա անփոխարինելի, կամ Լուկաշենկոյի պես դառնա անընդհատ ընտրվող նախագահ, այլ կուսակցությունների գոյությունը թող արգելեն, այլ տեսակետ հայտնող մամուլը թող փակեն, ու «ցեխ շպրտող» չի լինի, բոլորն իրենց կգովեն, ծափ կտան, ինքն էլ ծափ տվողների գրքերի շնորհանդեսներին կգնա, ու դրանով ամեն ինչ կավարտվի:
– Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն, պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնել: Ի՞նչ եք կարծում, հասունացե՞լ է կառավարությանն անվստահություն հայտնելու պահը:
– Մարդիկ գործ են անում, փորձում են քայլեր ձեռնարկել, և չեմ ցանկանա գործ անող մարդկանց խանգարել, առավել ևս, երբ ժամանակին ես էլ եմ փորձել անել, կողքից տեսակետներ են հայտնել, ինչը, մեղմ ասած, չի օգնել մեզ: Չնայած` հետո հասկացել եմ, որ այն, ինչ ուզում էինք անել, արդյունք չէր տալու, և քննադատությունները ճիշտ էին արված: Դրական եմ վերաբերվում, որ քաղաքական այդ չորս ուժերը գործ են ուզում անել, տա Աստված` հաջողի: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արժի՞, որ կառավարությունը փոխվի, միանշանակ պիտի պատասխանեմ` իհա՛րկե արժի: Ոչ միայն կառավարությունը, այլև` ամբողջ իշխանությունը պիտի փոխվի, համակարգը պիտի փոխվի, և կարևոր է, որ այս նպատակին հասնելու համար ինչ-որ տեղից սկսես: Բայց այնպես չէ, որ նա, ով Տիգրան Սարգսյանից հետո է գալու, խնդիրներ է լուծելու, համակարգն է փոխելու, որովհետև երկրի ու գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, ուստի պետք է խնդիր դնել նախագահի փոփոխության: Բայց կրկնում եմ` թող կազմակերպեն, թող իրականացնեն, որևէ վատ բան այդ նախաձեռնության մեջ չեմ տեսնում, չեմ էլ ուզում հետին մտքերի հետևից գնալ:
– Ոչ իշխանական չորս խմբակցությունների քննադատները համարում են, որ այդ նախաձեռնությունն անիմաստ է, որովհետև Տիգրան Սարգսյանին փոխարինելու է գալու Տիգրան Սարգսյան 2-ը:
– Չէ, քաղաքականության մեջ կան գործընթացներ, որոնցով ճշտում ես քո ունեցած պոտենցիալը, ուժը, հասարակության մեջ քո ունեցած ազդեցությունը և հասարակության աջակցությունը քեզ: Հնարավոր է, որ փողոցում` ինչ-որ երևացող տեղում, մի ծառ կտրվի, և գործընթացներ սկսես դրա շուրջ, ինչը քաղաքականության մեջ ընդունված մեթոդ է, ճիշտ մեթոդ է: Տա Աստված, որ քաղաքական այդ չորս ուժերի մոտ ամեն ինչ ստացվի, հաջողեն, կարողանան զարգացումներն ապահովել:
– Պարոն Սարգսյան, բայց որքանո՞վ իրականություն կդառնա կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը` խորհրդարանում առկա Հանրապետական մեծամասնության պարագայում: Արդյոք ՀՀԿ-ականները կո՞ղմ կքվեարկեն սեփական կառավարության հրաժարականի համար:
– Երբ որ ինձ էին այդ մասին ասում, ասում էի, որ` չկռռաք, կարող է նման բան էլ պատահի: Դրա համար հիմա այդ ագռավի ֆունկցիան ինձ վրա վերցնել չեմ ուզում: Մարդիկ գործ են անում, ուզում եմ, որ հաջողեն այդ գործը: Թող երկրի իշխանությունները, կառավարությունը հասկանան, որ ԱԺ-ում առկա ոչ իշխանական ուժերն իրենց դեմ գործընթաց են սկսում, որը կարող են հաջողել: Իշխանությունների ցուցաբերած սանձարձակությունը ոչ միայն ձեռնտու չէ, այլև` վտանգավոր է երկրի համար: Պիտի լինեն իշխանությանը հակակշիռներ, երբ որպես հակակշիռ` օր օրի վերացվում է դատական համակարգը, օրենսդիր մարմինը, գործադիր համակարգը ղեկավարվում է մի կենտրոնից, հասարակական շարժումներին բանի տեղ չեն դնում, լրագրական դաշտին իրենք են արդեն պիտակավորում: Ուստի գործող համակարգի դեմ ցանկացած քայլ, այդ թվում` ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունն, ինձ համար ողջունելի է:
– Այսինքն` եթե շոշափելի արդյունք այս նախաձեռնությունը չտա, և կառավարությունը հրաժարական չտա, համենայնդեպս, ոչ իշխանական չորս ուժերը սրանով իշխանությանը զգոն կպահեն, այո՞:
– Իմ քաղաքական փորձառության արդյունքում` ես եկել եմ այն հետևությանը, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության հետ գործարքի չեն գնում, ցանկացած քայլ կատարելով` զգոն են պահում իշխանությանը: Միայն գործարքի գնացած քաղաքական ուժերն են, որոնք հուսահատություն են առաջացնում հասարակության մեջ, որոնք հիասթափություն են առաջացնում ընդհանրապես քաղաքականություն երևույթի հանդեպ, ինչը վերականգնելն աննկարագրելի դժվար է:
– Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, ըստ Ձեզ, ազնի՞վ են իրենց քայլերում:
– Չեմ ուզում պատասխանել այդ հարցին:
– Պարզապես ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», ԲՀԿ-ին քննադատում են նրա համար, որ չեն պահանջում նախագահի հրաժարականը, փոխարենը` կառավարությանն են անվստահություն հայտնում: Ձեզ համար հասկանալի՞ է ոչ իշխանական չորս ուժերի այս մոտեցումը: Ի՞նչն է խանգարում նրանց` ամբողջական իշխանափոխություն պահանջել:
– Ես բազմաթիվ անգամ տեսակետ հայտնել եմ ԲՀԿ-ի մասին, տեսակետ հայտնել եմ ՀԱԿ-ի մասին և չեմ ամաչում իմ արտահայտած տեսակետների համար, որևէ բարոյական նորմ չեմ խախտել և որևէ անհատի անձնական պիտակներ չեմ տվել: Քաղաքական իմ մոտեցումների մասին այդ մարդկանց ուղիղ ասել եմ, հետո եմ բարձրաձայնել դա հասարակության համար և դրանով պահել եմ իմ դեմքը: Եվ այսօր չեմ ուզում անդրադառնալ այդ ուժերին կամ նրանց ազնվության աստիճանին: Իրենք խորհրդարանական ուժեր են, փորձում են իրենց շրջապատում միասնական քայլեր անել, թող անեն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ նախագահի հրաժարականը չեն պահանջում, նախ` ասեմ, որ քաղաքական գործընթացները յուրաքանչյուր երկրում իրենց առանձնահատկություններն ունեն: Հայ իրականության մեջ, գոնե իմ քաղաքական փորձառությունը ցույց է տվել, որ իշխանափոխության հնարավորությունները տեսանելի են միայն նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հասարակությունը հետևում է քաղաքական գործընթացներին, այդ ամբողջ ընթացքում տաքացնում ես իրավիճակ, և քաղաքացին դիտորդից վերածվում է մասնակցի: Գուցե քաղաքական այս չորս ուժերը չեն տեսնում, որ հասարակությունը նախագահի փոփոխության հարցում լուրջ մասնակցություն, աջակցություն կունենա, և փորձում են խորհրդարանի մակարդակով կառավարության անվստահության հարցը բարձրացնել` սրանով տաքացնելով իրավիճակը: Ամեն դեպքում, եթե չլինեն իշխանությունների հետ պայմանավորվածություններ, նման գործընթացները դրական են:
– Հասարակությունը պատրա՞ստ է սատարել կառավարության հրաժարականի պահանջը:
– Հասարակությունն, ի տարբերություն քաղաքական ուժերի, շատ լավ հասկանում է, որ կառավարության փոփոխությունից կյանքը չի փոխվում, հասկանում է, որ այս երկրում կլաններ են ձևավորվել, որոնց ձեռքում է երկրի տնտեսության 80 տոկոսը, որոնք բուժվում են արտասահմանյան երկրներում, այնտեղ առողջանում են, երիտասարդանում, որոնք թանկ մեքենաներ են վարում, իրենց ազգուտակերը 25 տարեկանից հետո բարձր պաշտոններ են զբաղեցնում, որոնց իշխանության տարիներին փոփոխություններ չպետք է գրանցվեն, պիտի լինի ճահիճ, որտեղ գրագետ, խելացի մարդուն պիտի ղեկավարի տհասը… Տեսնելով այս ամենը` հասարակությունը լքում է երկիրը: Սա է հիմնական հետևանքը, ոչ թե սոցիալական խնդիրները: Հայ մարդը լեզու չիմանալով` ասենք, Ամստերդամում երեք-չորս ամսում ոտքի է կանգնում, տան վարձն է տալիս, երեխային տալիս է ուսման, իսկ իր երկրում չի կարողանում սա անել, որովհետև այնտեղ մարդն արժեք է, որին վերաբերվում են` որպես մարդու, գնահատում են: Իսկ այստեղ մարդը նա է, ով իրենց գովում է, ասում է` վայ, դու ինչ լավն ես, կայացրածդ որոշումը պատմական է…