Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի աշխատակիցները պատրաստվում են դիմել դատարան

Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները պատրաստվում են դիմել դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու համար: Նրանք կարծում են, որ իրենց աշխատանքից ազատելն ամենայն հավանականությամբ կապված է այն հանգամանքի հետ, որ իրենք մասնակցել են պարտադիր կուտակայն կենսաթոշակային համակարգի դեմ մետրոպոլիտենի վարչական շենքի մոտ կազմանկերպված բողոքի ակցիային:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ աշխատանքից ազատվել են Գագիկ Գալստյանը, Անդրանիկ Գևորգյանը և Սևակ Հովհաննիսյանը, ովքեր Երևանի մետրոպոլիտենում շուրջ 15 տարի աշխատել են որպես շարժասանդուղքի մեքենավարներ:

Մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գևորգյանն ասացին, որ իրենց աշխատանքից ազատել են նույն հիմնավորմամբ՝ անվստահություն աշխատակցի հանդեպ: Նրանց խոսքով՝ այդ դեպքում իրենց աշխատանքից ազատելու համար մեկ տարվա ընթացքում առնվազն 2 անգամ պետք է նախազգուշացում ստացած լինեին, սակայն գրավոր նկատողություն իրենք չեն ստացել:

Նրանց խոսքով՝ անձական զրույցում ղեկավարությունը իրենց մեղադրել է բողոքի ակցիա կազմակերպելու, լրագրողներին հրավիրելու, «Դ!եմ եմ» նախաձեռնությանը իրոնց բողոքի ակցիային կանչելու մեջ: Աշխատակիցների խոսքով՝ բողոքի ակցիայից ընդամենը կես ժամ անց իրենց հրավիրել են տնօրինության մոտ:

Կարդացեք նաև

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, անդրադառալով Մետրոպոլիտենի աշխատակցի այն հայտարարությանը, թե 3 աշխատակիցներին աշխատանքից ազատելն ընդամենը համընկել է բողոքի ակցիայի կազմակերպման հետ, ասաց. «Ծիծաղելի է, նման համընկնումներ չեն լինում միանգամից երեք անձի դեպքում: Երեք անձ համընկավ, նույն օրը անվստահություն առաջացավ հենց այնպես 15 տարվա ընթացքում, և այնպսի համընկնում էր, որ այդ երեքն էլ մասնակցում էին Մետրոպոլիտենի վարչական շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային և նրանցից ոմանք նույնիսկ «համարձակվել էին» լրատվամիջոցների հետ շփվել և հարցազրույց տալ»:

Դ. Մանուկյանը հավելեց. «Եթե անվստահություն կա աշխատակցի հանդեպ, ինչո՞ւ դա չի արտահայտվել գրավոր ձևով՝ նախազգուշացման, զգուշացման, նկատողության ձևերով, օրինակ՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչո՞ւ հենց այնպես առավոտյան տեղեկացնում են, որ դու պետք է լքես աշխատավայրդ ու հրամանն են ցույց տալիս, որ դու ազատված ես աշխատանքից: Սա կոնկրետ մարդու իրավունքների խախտում է:

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը սա որակում է որպես ճնշում, մենք երեկ էլ ենք հայտարարություն տարածել, կոնկրետ ճնշում այն մարդկանց հանդեպ, ովքեր ոտքի են ելել ընդամենն իրենց իրավունքները պաշտպանելու համար, ոչինչ ավելի, ոչ մի օրինախախտ գործողություն չեն արել: Եվ մյուս կողմից այս կերպ՝ սպառնալիքով, ցանկանում են մյուսներին, ովքեր դեռևս դուրս չեն եկել բողոքի, բայց կարող են դուրս գալ, ցույց տալ, որ ձեր իրավունքների պաշտպանության համար բողոքի դուրս գալու դեպքում սպառնալիք կա, որ դուք էլ կզրկվեք աշխատանքից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս