Եթե առաջարկը մերժվի, ոչ իշխանական ուժերը քաղաքական լայն օրակարգ կձևավորեն
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դիմելով ԱԺ մեծամասնությանը, հայտարարեց, որ եթե նրանք մերժեն «գազային պայմանագրի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ապա ոչ իշխանական ուժերը քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։ Նա նշեց, թե յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ինչպե՞ս է գոյացել 300 մլն դոլար գազի պարտքը, ինչպե՞ս է գազի գինը բնակչին վաճառվում 110%-ով ավելի թանկ։
«Շատ պարզ հարց է, և մենք ուզում ենք իմանալ, ստանալ սրանց պատասխանները։ Հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհով ՀՀ-ն արտաքին պարտք է կուտակել»,-հայտարարեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ պայմանագիրն ընդունվել է առանց Աժ-ի կողմից վավերացնելու՝ խախտելով Սահմանադրության համապատասխան դրույթն ու համապատասխան օրենքը։
«Մինչև քննադատելը՝ եկեք ինձ ապացուցեք, որ ես սխալ եմ ասում։ Ես ասում եմ, որ խախտվել է ԱԺ պետական բյուջեի մասին օրենքը, չի կարող ունենալ 300 մլն դոլար պարտք և բերել հաստատել բյուջեն ԱԺ-ում։ Հակաօրինական, հակապետական փորձ եք արել, դուք խախտել եք արտաքին պարտքի մասին օրենքը։ Չի կարող ԱԺ-ն տեղյակ չլինել, որ երկու տարի շարունակ ունեցել ենք պարտք և բերել բյուջե ներկայացնել»,-նշեց նա։
Ռ. Հակոբյանի խոսքով՝ ինքը կարող է ենթադրել, թե ինչո՞ւ է պարտքը առաջացել։ «Կարող եմ ենթադրել, որ գրպանվել է այդ փողը, որ շահարկում եք և չեք ուզում հանձնաժողով ձևավորել և կամ էլ որ սա բացառապես քաղաքական նպատակ ունի, որ 2011-ի ապրիլին է գազը թանկացել, երբ արդեն սկսել էին խորհրդարանական, այնուհետև` ՀՀ նախագահի ընտրությունները և դուք թաքցրել եք, որպեսզի պահեք իշխանությունը, որովհետև գազի գնի թանկացման մասին հայտարարելու դեպքում ձեզ ձայն չէին տա։ Բայց ես հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետև Հայաստանում իշխանություն ունենալ նշանակում է ունենալ ամեն ինչ, կեղծել ընտրությունները, նշանակում է մի քանի անգամ ավելի միլիոն դոլար ունենալ, նշանակում է,`ամբողջ պետական համակարգը խցկել հարազատներով, ընկերներով, շրջապատով, մնացածին պերսոնա նոն գրանտ հայտարարել»,-ասաց նա, ապա շարունակեց. «Բնականաբար, լինելով նախաձեռնողներից, հեղինակներից մեկը, կողմ եմ քվեարկելու, շարունակելու եմ պնդել, որ եթե չընդունեք, որ սա եղել է գրպանալու կամ քաղաքական հարց, ապա ոչ իշխանական ուժերն ամեն ինչ անելու են քաղաքական լայն օրակարագ ձևավորելու համար, որպեսզի պետությանը բերենք նորմալ զարգացման»: