Ազատամարտիկներն իշխանափոխություն են ուզում

Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 2-ին «Տիգրան մեծ» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկ վետերանների հավաք, որի նախաձեռնողը «Սասուն» ջոկատի նախկին հրամանատար Սասուն Միքայելյանն է:

Հավաքին մասնակցել են ինչպես` ԵԿՄ նախկին անդամներ, այնպես էլ` վետերաններին միավորող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հավաքի նախագահությունում նստած են եղել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, ՀՅԴ նախկին անդամ Վարդան Մալխասյանը, Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ներկայացուցիչները: Հավաքը շատ վատ է կազմակերպված եղել, քանի որ սենյակը, որտեղ նստած են եղել կազմակերպիչները, տեղավորել է ընդամենը մի քանի տասնյակ մարդու, իսկ մյուսները ստիպված են եղել կանգնել կամ միջանցքում, կամ հարևան սենյակներում, այդպես էլ չլսելով, թե ինչի մասին են խոսում ելույթ ունեցողները: Հավաքը եղել է փակ, և դրան լրագրողներ չեն մասնակցել, սակայն հավաքի որոշ մասնակիցներ որոշ տեղեկություններ փոխանցեցին քննարկվող հարցերի և հնչած ելույթների մասին:

Անհրաժեշտ է փոփոխություն և հեղափոխություն
Ազատամարտիկները խոսել են փոփոխությունների անհրաժեշտության մասին, այն մասին, որ իրենք ամեն անգամ դուրս են եկել պայքարի` հանուն այդ փոփոխությունների, սակայն, կարծես թե ամեն անգամ օգտագործվել են տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ հռչակված նպատակին` իշխանափոխությանը, այդպես էլ չեն հասել:

Դրա պատճառը քաղաքական կուսակցությունների անվճռականությունն է և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ կամքի բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար իրենք պետք է միավորվեն և ինքնուրույն պայքարեն: Իհարկե, հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ եթե կլինեն կուսակցություններ, որոնք կհայտարարեն այնպիսի նպատակներ, որոնք համահունչ կլինեն իրենց նպատակներին, ապա պատրաստ են համագործակցել և միասին իրականացնել ընդհանուր նպատակը` իշխանափոխությունը:

Կարդացեք նաև

Մասնակիցների մի մասը հանդես է եկել արմատական առաջարկներով. չզբաղվել ավելորդ քննարկումներով` գնալ և վերցնել նախագահական նստավայրը: Ազատամարտիկները վստահ են եղել, որ դա կարելի է անել քիչ ուժերով և կարճ ժամկետում, քանի որ իրենց դիմադրություն ցույց տվող չի լինի:

Ժամկետների մասին
Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի անդամները հայտարարել էին, որ փետրվարին իրենք պետք է իշխանափոխություն իրականացնեն և նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնեն նախագահականից: Հավաքի որոշ մասնակիցներ, մասնավորապես` Մանվել Եղիազարյանը հայտարարել է, որ իշխանությունը կազմաքանդված է, որ իշխանությունը փողոցում ընկած է, և այն պետք է ուղղակի վերցնել: Սակայն Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ ժամկետներ պետք չէ նշել, այլ առայժմ պետք է կազմակերպվել: Այն մարդիկ, ովքեր «Ազատության» հրապարակի հարթակից ժամկետներ էին հայտարարում, որևէ կերպ չեն հակադրվել Սասուն Միքայելյանին, և այդ չհակադրվելն ընկալվել է այնպես, որ Դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդն անցնում է Միքայելյանի հրամանատարության տակ: Միքայելյանը դիմելով ներկաներին` ասել է, որ հավաքվածների մեջ հնարավոր է` լինեն մարդիկ, որոնց ուղարկել են իշխանությունները, կան մարդիկ, որոնց ուղարկել է Սերժ Սարգսյանը, բայց դրա մեջ որևէ վատ բան չկա, և իրենք էլ գոհ են իշխանություններից և Սերժ Սարգսյանից, որ իրենց ընկերներին ուղարկել են իրենց մոտ:

ԵԿՄ-ի մասին
Հավաքի ժամանակ ելույթներ են եղել նաև ԵԿՄ-ի մասին: Մի քանի ազատամարտիկ իրենց դժգոհությունն են արտահայտել այդ կառույցից, որը սկզբնապես ստեղծված է եղել` որպես պատերազմի մասնակիցների միություն, սակայն այժմ վերածվել է պաշտոնյաների և չինովնիկների միության, որտեղ ազատամարտիկներ գրեթե չեն մնացել: Խոսել են այն մարդկանց մասին, ովքեր անմիջականորեն չեն մասնակցել պատերազմին, բայց հիմա հայտնվել են ԵԿՄ-ում և դրա վարչությունում, ասում են, որ նրանք էլ պատերազմի ժամանակ եղել են թիկունքում և բանակին օգնել են տնտեսապես, սակայն ԵԿՄ վարչության ներկա կազմից կարելի է ենթադրել, որ ռազմաճակատում կռվողների քանակն անհամեմատ փոքր է եղել, քան նրանց աջակցողներինը: Հավաքի մասնակիցներն անհրաժեշտություն են համարել ստեղծել ազատամարտիկների այնպիսի մի միություն, որտեղ հավաքված կլինեն միայն ազատամարտիկները և ոչ թե` փողատերերն ու պաշտոնյաները:

Ապագա ծրագրերի և գործողությունների մասին
Հավաքի մասնակիցները փորձելու են առաջիկայում ստեղծել տարածքային կառույցներ: Հավաքի ժամանակ նույնիսկ փորձ է արվել որոշել, թե որ տարածքային կառույցը ով պետք է ղեկավարի, ով պետք է կոորդինացնի աշխատանքներն այս կամ այն տարածքում: Բայց պարզվել է, որ դա անհնար է, որովհետև ոչ բոլորն են պատրաստ այդպես միանգամից մտնել գործի մեջ, որ իրենց ժամանակ է պետք` կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Իրականում այդ հավաքի մասնակիցների մեծ մասը եղել են դիտորդներ, ովքեր գնացել են տեսնելու և հասկանալու, թե ինչ նպատակով են կազմակերպել հավաքը: Հավաքին մասնակցած որոշ ազատամարտիկներ ասում էին, որ իրենց համար այնքան էլ պարզ չէ այս կազմակերպության ստեղծման նպատակը, քանի որ Հայաստանում կա ընդդիմություն, և, եթե իրենք ուզում են իշխանափոխություն, պետք է աջակցեն ընդդիմությանը: Թե որն է լինելու հաջորդ քայլը` հավաքի մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ:
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս