Իրանի արտգործնախարարը Հոլոքոսթը որակել է որպես «սարսափելի աղետ»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով գտնվում է Բեռլինում, դատապարտել է հիտլերյան վարչակարգի կողմից հրեաների զանգվածային սպանությունները:

Զարիֆը գերմանական Phoenix հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ դա եղել է սարսափելի աղետ, ինչն այլևս երբեք չպետք է կրկնվի: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հայտարարություններում քանիցս կասկածի տակ է դրել Հոլոքոսթի իսկությունը, ինչի համար սուր քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Մասնավորապես, 2009 թվականին Ահմադինեժադը հայտարարել էր. «Հոլոքոսթը կեղծիք է, որը հիմնված է չապացուցված ու միֆական պնդումների վրա, և որ Պաղեստինի տարածքը հրեաների կողմից օկուպացվել է այդ կեղծիքի հիման վրա»:

Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ-ին մասնակցելու շրջանակներում CNN-ին տված հարցազրույցի ժամանակ գրեթե ճանաչել էր Հոլոքոսթի եղելությունը: Սակայն իրանական Fars լրատվական գործակալությունը CNN-ին մեղադրել էր Ռոուհանիի խոսքերը խեղաթյուրելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս