Անօդաչու սարքեր արտադրող ընկերությունը պետական աջակցություն է ստանում
ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հաստատել է դրանց իրականացման 2014թ. ծրագիրը: Ինչպես նշում է Կառավարության պաշտոնական կայքը, գործադիրը նպատակ ունի պետական աջակցության գործիքների միջոցով խթանել արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի ավելացումը, նպաստել արտահանելի հատվածի ընդլայնմանը, տեղական արտադրանքի ներկայացվածությանն արտաքին շուկաներում, ՀՀ մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացմանն ու ներդրումային ակտիվության բարձրացմանը:
ՀՀ կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում: Հաստատվել են բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունն սկսվելու է այս տարի, սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է: