Բաժիններ՝

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը քաղաքացուց ներողություն է խնդրել

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Հավաքե՛ք ձեզ, մանր ու միջին չինովնիկներ» հրապարակումը բուռն քննարկման առիթ է դարձել ինչպես` Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ՝ Շենգավիթ վարչական շրջանում:

Հիշեցնենք, որ «Պետությունը երեխաներիս կհիշի, երբ գա իրեն պետք լինելու տարիքը» հրապարակմամբ ներկայացրել էինք Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի հանրակացարանի ժամանակավոր բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Մերի Օրդուխանյանի սոցիալական ծանր կենսապայմանները: Հոդվածից հետո Շենգավիթ վարչական շրջանի Սոցիալական բաժնի պետ Հասմիկ Ղազարյանն անմիջապես կապվել էր Մ. Օրդուխանյանի հետ՝ մեղադրելով նրան լրատվամիջոցին դիմելու քայլի համար, և կանչել էր վարչական շրջան:

Ինչևէ, վարչական շրջանում Սոցիալական բաժնի պետը Մ. Օրդուխանյանին նախ` նախատել էր, թե ինչու է նա դիմել թերթին, այն դեպքում, երբ թաղապետարան վերջինս չի դիմել: Այնուհետև սկսել էր բաժնի աշխատակիցների ներկայությամբ երեք երեխաների մորը ծաղրել, նվաստացնել այն բանի համար, որ նա իր անօգնական, ծայրահեղ վատ ապրելակերպի մասին տեղեկատվությունը ներկայացրել է թերթի էջում:

«Ինչի՞ էիր երեք երեխա ունենում, եթե չէիր կարողանալու պահել, ո՞ւմ հույսով ես էդքան երեխա բերել: Առանց մեզ դիմելու` ինչի՞ ես թերթին դիմել»,- ծաղրելով` ասել էր բաժնի պետը՝ Մ. Օրդուխանյանին հորդորելով փաստաթղթեր ներկայացնել օգնություն ստանալու համար, որից, սակայն, վերջինս հրաժարվել էր և վիրավորված, լաց լինելով հեռացել էր այնտեղից: Մենք, անշուշտ, կապվել էինք Հ. Ղազարյանի հետ` քաղաքացուն ցուցաբերած անհարգալից, նվաստացնող վերաբերմունքի համար պարզաբանում ստանալու ակնկալիքով, որի ժամանակ վերջինս թեև խոստովանեց, որ թերթին դիմելու համար նրան հարցեր ուղղել է, սակայն ասաց, որ ծաղրուծանակի չի ենթարկել:

Կարդացեք նաև

Երեկ Մ. Օրդուխանյանը կրկին մեզ զանգահարեց, բայց այս անգամ ոչ թե` վիրավորանքից լաց լինելով, այլ` ուրախությունից հուզված: Նա մեզ փոխանցեց, որ` «Հավաքե՛ք ձեզ, մանր ու միջին չինովնիկներ» հրապարակումն այնպես է ազդել Քաղաքապետարանի պաշտոնյաների և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա, որ իր տուն է այցելել վարչական շրջանի պաշտոնյաների մի ամբողջ «պատվիրակություն»:

«Էնքան հուզված եմ, որ մեր էս ծանր իրականության մեջ նման բան կարող էր լինել: Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի ղեկավարն էր ու էլի ներկայացուցիչներ, ովքեր չափազանց հարգանքով, աննկարագրելի լավ վերաբերմունքով իմ ու երեխաներիս հետ զրուցեցին:

Առաջին բանը, որ ինձ ասացին՝ թաղապետն անձամբ ներողություն է խնդրում կատարվածի համար: Աշխատակազմի ղեկավարն ասեց՝ թաղապետ Արմեն Սարգսյանը խնդրել է փոխանցել, որ Սոցիալական բաժնի պետ Հասմիկ Ղազարյանը խիստ նկատողություն է ստացել իր վարքագծի համար, որի պահվածքի համար անձամբ թաղապետն ինձնից ներողություն է խնդրում: Թաղապետարանից եկել էին մեծ օգնությամբ.

Մեզ այնքան փայտ են բերել, որ կարող ենք առանց խնայելու վառել ու ձմեռն անցկացնելուց հետո էլ դեռ ունենալ: Երեխաներիս` հագուստ, ամեն ինչ, Էրիկիս համար բոլոր անհրաժեշտ բաները: Սնունդ և անձամբ թաղապետի կողմից ուղարկված դրամական օգնություն: Թաղապետարանի ներկայացուցիչները մեզ հետ երկար զրույց ունեցան, փորձեցին մեր մասին բոլոր տվյալներին ծանոթանալ, շատ շնորհակալ եմ մարդկային վերաբերմունքի համար, և խնդրեցին անպայման գնալ թաղապետ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման»,- մեզ հետ զրույցում պատմեց Մ. Օրդուխանյանն, ով հաջորդ օրն այցելել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին, ով իր ենթակայությամբ գործող կառույցի բաժնի պետի պահվածքի համար կրկին ներողություն է խնդրել, այնուհետև երկար զրուցել է տիկնոջ հետ:

«Չեմ կարող չնշել, որ շատ տպավորված եմ Ա. Սարգսյանի վերաբերմունքից: Նա նախ` իր այցեքարտը տվեց՝ինձ` ասելով, որ ցանկացած հարցով կարող եմ դիմել: Այնուհետև ասաց, որ անձամբ իր կողմից կստանանք ամենամսյա օգնություն` թե՛ դրամական, թե՛ հագուստի, սնունդի տեսքով: Հետաքրքրվեց մեր բոլոր խնդիրներով և վստահեցրեց, որ մեր ցանկացած հարցով անձամբ ինքը կզբաղվի: Նա շատ պատրաստակամ ձևով նույնիսկ պահանջեց, որ բուժօգնության, սննդի, երեխայի դպրոցական ծախսերի հետ կապված ցանկացած հարց ծագելու դեպքում` անմիջապես զանգահարեմ իրեն»,- հանդիպման մանրամասները մեզ փոխանցեց Մ. Օրդուխանյանը՝ հավելելով, որ Ա. Սարգսյանը նաև խոստացել է օրերս ճարտարապետ ուղարկել այդ հանրակացարան՝ այս ընտանիքի կոմունալ հարմարությունների համար շինարարություն սկսելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանը Մ. Օրդուխանյանին նաև ուղղորդել է Երևանի քաղաքապետարան. «Ասաց` կասեք, որ ես եմ ուղարկել ձեզ: Այնտեղ գիտեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս