Ռաֆիկ Պետրոսյան. Տիգրան Սարգսյանն իրավունք չուներ կպնել Ռոբերտ Քոչարյանին

Հարցազրույց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի հետ

– Հունվարի 18-ին Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ. քաղաքացիներն ու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը դեմ են արտահայտվում կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման համակարգին: Նման բողոքի ալիքից հետո իշխանությունը կգնա՞ որոշակի զիջումների:

– Չգիտեմ: Օրենքն ընդունվել է, գործում է, իսկ մնացածը կախված է Սահմանադրական դատարանից. ՍԴ-ն ինչպես որոշի` այդպես էլ կլինի: Իշխանությունը պիտի որոշի հետագա քայլերը, կորոշի՞ կընդառաջի՞ այդ քաղաքացիներին, այդ ուժերին, թե՞ ոչ:

– Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները չեն վստահում Սահմանադրական դատարանին: Ինչքանո՞վ եք վստահ, որ ՍԴ-ն արդար որոշում կընդունի:

Կարդացեք նաև

– Շատ դժվար է կանխագուշակել, գիտեք: Միավորված կուսակցություններ են ընդգրկված, քաղաքացիական մեծ խումբ, կարծում եմ, որ ՍԴ-ն պետք է աշխատի ճիշտ որոշում կայացնել:

– Որպես քաղաքացի` ի՞նչ եք կարծում, կուտակային պարտադիր բաղադրիչը հասարակության համար օգտակար կդառնա՞, թե՞ ավելի շատ վնասաբեր կլինի:

– Եթե իրականանա` հետագայում շատ օգուտ կբերի: Բայց եթե իրականանա… եթե հետագայում շեղումներ չլինեն, փողերի կորուստ չլինի, օգուտ կբերի: Հիմա ի՞նչ վիճակ է` ես 52 տարի աշխատել եմ ու 42.000 դրամ թոշակ եմ ստանում, բա ամոթ չի՞: Եթե կուտակային նոր համակարգը հասնի իր նպատակին, մարդիկ իրենց ծերության տարիներին արժանապատիվ գումար կստանան:

– Բայց ինչպե՞ս կարող են մարդիկ վստահ լինել, որ իրենց գումարը չի կորչի: Քաղաքացիները, ոչ իշխանական ուժերը հենց այս մասին են ահազանգում:

– Ա՛յ դա արդեն Աստված գիտի` փողերը կհասնե՞ն, թե՞ չեն հասնի: Որովհետև ժամանակը շատ է` 20-30 տարի հետո պիտի իմանանք` ի՞նչ կլինի: Այն, ինչ ասում է ընդդիմությունը, միայն մտավախություն է, որովհետև, թե ի՞նչ կլինի իրականում, այսօր հնարավոր չէ կանխագուշակել: Եթե ընթանա այնպես, ինչպես օրենքով նախատեսված է, մարդկանց համար շատ լավ պայմաններ կստեղծվեն, արժանապատիվ թոշակ կստանան, բնակչությունը ծերանում է, պետությունն էլ կազատվի Կենսաթոշակային ֆոնդին մեծ գումարներ հատկացնելուց: Աշխատողների թիվը տարիներ անց կպակասի, թոշակառուների թիվն էլ կշատանա, և այս դեպքում պետությունն ի՞նչ անի, չի կարող, չէ՞, բավարարել բոլորին այնպես, ինչպես հիմա:

– Կարծես Դուք էլ մտահոգված եք, այո՞, որ տարիներ անց կառավարությունը մարդկանց չի վերադարձնի հասանելիք գումարը:

– Դե գիտեք, մենք ունեցել ենք նման դեպք, երբ Խորհրդային Միության ժամանակ կորան բոլոր գումարները, որոնք մինչ այսօր չենք կարողանում հետ ստանալ: Այն չնչին փողերն էլ, որ ստանում են կարիքավորները, դեռ ոչ մի բան չի նշանակում: Գումարների ճնշող մեծամասնությունը` 90-95 տոկոս, դեռ կորած են մնում: Այնպես որ, հնարավոր է ամեն ինչ, բայց ամեն ինչ Տիգրան Սարգսյանի… մենակ Տիգրան Սարգսյանը չի որոշում: Հարցը գալիս է ԱԺ, քննարկվում է նախագահի մոտ, կառավարությունում, սա ամբողջ պետության քաղաքականությունն է, մենակ Տիգրան Սարգսյանով հո չի՞… Տ. Սարգսյանը հո 30 տարի չի՞ կառավարելու:

– Բողոքի այս ալիքը կարո՞ղ է վերաճել քաղաքական պայքարի:

– Երբ հեռուստացույցով նայում էի հանրահավաքը, նախաձեռնող անդամներից մեկը` երիտասարդ մի տղա էր, հայտարարեց, որ իրենք միայն կուտակայինի հարցով են զբաղվում, ուրիշ հարցով չեն զբաղվում: Իմ տպավորությամբ` կողքից հին ուժերն ուզում են շարժման կուրսը փոխեն` դարձնեն այն քաղաքական: Բայց այդ տղան հայտարարեց, որ իրենք միայն կուտակային կենսաթոշակների պարտադիր համակարգի դեմ են բողոքում, դրա համար են պայքարում:

Զգացվում էր, որ նախկին ՀՀՇ-ն` ՀԱԿ-ը, եկել էր, «Պայքար, պայքար մինչև վերջ» էր գոռում, ուզում է շարժման ուղղությունը փոխել: Էն ժամանակ էլ «պայքար-պայքար» արեցին` ազգային ունեցվածքը ոչնչացրեցին, ծախեցին Իրանին, քաշվեցին մի կողմ: Հիմա էլ երևի ուզում են նույն բանն անեն, մինչդեռ շարժումը սոցիալական բնույթ ունի: Միշտ էլ այդպես է` հեղափոխությունից օգտվում են ոչ թե հեղափոխություն անողները, այլ` ուրիշները: Հիմա էլ ՀԱԿ-ն ուզում է օգտագործել այս շարժումը` իշխանության գալու համար, բայց նախկինի հետ համեմատած` հիմա շատ թույլ են, ու իրենց մոտ ոչինչ չի ստացվի:

– Երբ օրենքը դեռ ուժի մեջ չէր մտել, Դուք քաղաքացիների և ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի պայքարը հեռանկարային չէիք համարում: Հիմա, փաստորեն, այս շարժումը նոր թափ է ստանում: Իշխանությունն, ըստ Ձեզ` ե՞րբ կդիմի զիջումների:

– Եթե այս շարժումն այնքան մեծանա, որ ընդգրկի ամբողջ հասարակությունը, իշխանությունները կընդառաջեն հասարակության պահանջին: Երբ ավելի մասսայական դառնա բողոքը, պետությունը զգա, որ բոլորն են դեմ` ինչ-որ բաներ կանի:

– Փաստորեն, այս զարգացումները, որոնք այսօր են ընթանում, դեռ բավարար չե՞ն օրենքը կասեցնելու համար:

– Այն, ինչ հիմա կա, դեռ բավարար չէ` շատ քիչ է…

– Բայց շատերի կարծիքով` սա հեղափոխության սկիզբ կարող է դառնալ:

(Ծիծաղում է.- Տ.Մ.) Չէ, ի՞նչ հեղափոխություն: Մեծամասնությունը միասնական է, իսկ բոլոր ընդդիմադիրները միասին վերցրած` մեծամասնության 1/3-րդի չափ են:

– Այդ դեպքում ե՞րբ կլինի Հայաստանում իշխանափոխություն:

– Երբ վերևները չկարողանան կառավարել ներքևին: Իսկ նման սիտուացիա Հայաստանում հիմա չկա:

– Անդրադառնանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի «փոխհրաձգությանը», որից հետո կրկին թափ առան խոսակցությունները, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի: Համաձա՞յն եք:

– Միշտ էլ լսում ենք, որ ուզում է վերադառնալ քաղաքականություն. նոր բան չէ: Իր մեծ ասուլիսում Տիգրան Սարգսյանն, ըստ երևույթին, կպավ Քոչարյանի աքիլեսյան գարշապարին, նա էլ ակտիվացել է` վարչապետին է պատասխանում: Տ. Սարգսյանն աշխատել է նաև Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին` ղեկավարել է ԿԲ-ն:

Նույն իշխանությունն են եղել: Հիմա էլ նույն քաղաքականությունն է շարունակվում: Նրա աքիլեսյան գարշապարին կպան, ու Քոչարյանի ինքնասիրությունը թույլ չէր տա դա անպատասխան թողնել. դրա համար նա հակադարձեց Տ. Սարգսյանին: Ռ.Քոչարյանն, ըստ իս, չէր ուզում, որ բոլոր մեղքերը գցեն իր տարիների կառավարության վրա: Քոչարյանը 10 տարի պատասխանատու է եղել ու չի ուզում, որ հասարակության մեջ կարծիք ձևավորվի, որ ամեն ինչի համար ինքն է մեղավոր: Մի խոսքով` Քոչարյանի ակտիվությունն ինքն իրեն արդարացնելու համար է:

– Փաստորեն Տ. Սարգսյանը սխա՞լ վարվեց, երբ մեղքը գցեց Ռ. Քոչարյանի կառավարման վրա:

– Տ. Սարգսյանն իրավունք չուներ կպնել Ռ. Քոչարյանին, ամեն ինչ նրա վրա գցել, այն դեպքում, երբ նրանք իրար հետ են կառավարել պետությունը: Եթե Տ. Սարգսյանը քաջություն ունենա և ասի, որ Քոչարյանի նախագահության ժամանակ իրեն կարգադրվել է վարել այսպիսի դրամավարկային քաղաքականություն, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի: Բայց եթե դա չի ասում… հիմա ասում է, թե շինարարական փուչիկ էր: Բա ինքը դրա մեջ մեղք ունի, չէ՞:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս