ԱՄՆ-ն ու ԵՄ-ը վերացրել են Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցների մի մասը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը երեկ հայտարարել են Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցների մի մասի վերացման մասին: Այդպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար իր ցենտրիֆուգների աշխատանքների դադարեցման մասին:

Այդ ամենն իրականացվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախորդ տարվա նոյեմբերի վերջին Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնց իրագործումը մեկնարկել է երեկ:

Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցների մի մասի վերացումն առաջին հերթին առնչվում է նավթի արտահանմանը, ինչն Իրանի համար հանդիսանում է եկամտի հիմնական աղբյուր: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իրանական նավթի վաճառքի կրճատման ուղղությամբ ջանքերը:

ԵՄ-ն իր հերթին չեղյալ է հայտարարել 2012 թվականից իրանական նավթի փոխադրման և մատակարարումների ապահովագրման վրա դրած արգելքը: ԵՄ-ը ներկայացնող ընկերությունները մինչ այդ մինչև 90 տոկոսով ապահովագրում էին իրանական նավթի բոլոր մատակարարումները:

Բացի այդ, ԵՄ-ը հանել է Իրանի կառավարության, պետհիմնարկների ու Կենտրոնական բանկի հետ ոսկով ու թանկարժեք մետաղներով առևտուր անելու վրա դրած արգելքը: Իրանը համաձայնվել է կես տարով սառեցնել իր միջուկային ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս