Լյուդմիա Սարգսյանը չի վախենում Դերենիկ Դումանյանից. Ատկատների թեման չի կարող փակվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի վախենում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հայցից:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների՝ Առողջապահության նախարար Դ. Դումանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությունները, թե բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում: Նախարարը հորդորել է՝ հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց:

«Սխալ էր, երբ նա հայտարարեց, որ ինձ դատի է տալու, որովհետև, եթե մի քիչ երկար մտածեր՝ կհասկանար, որ բացարձակ հիմքեր չունի ինձ դատի տալու: Հիմա նա կարծես թե մտածում է՝ ինչ-որ ելքեր գտնի՝ այդ անհարմար վիճակից դուրս գալու համար: Եվ ելքը տեսել է հետևյալում, որ դիմել է Դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրել հիվանդանոցները: Ի սկզբանե պարզ է, որ Դատախազությունը դա չի կարող իրականացնել, որովհետև, եթե ատկատի ճանապարհով  գնան, ուղիղ նախարարություն պիտի գնան,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով,- Իսկ ինչի՞ց պիտի վախենամ: Ես նոր մարդ չեմ այս ամենի մեջ, որ ինչ-որ բանից վախենամ»:

Նա շեշտեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ որպես իշխանության օղակ, երբեք չի բացահայտի այն, ինչ իշխանությանը ձեռտու չէ. «Դատախազությունն, ինչպես միշտ, կուղղորդվի վերևից, ու կասեն, որ ատկատ չկա: Սրանով Դումանյանը երևի փորձում է փակել թեման, բայց այս թեման չի փակվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս