Սպիտակ տունն անհանգստացած է ռուս-իրանական առևտրային հնարավոր գործարքից
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունն անհանգստացած է այն տեղեկատվության կապակցությամբ, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են նավթի ու ապրանքների մատակարարման (դրանք միմյանցով փոխանակելու) շուրջ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հայդենը. «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուղիղ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Դա (պայմանավորվածությունը) հակասում է Իրանի ու «Վեցյակի» միջև պայմանավորվածություններին ու կարող է պատճառ դառնալ նոր պատժամիջոցների ներդրման»:
Հիշեցնենք, որ Իրանի նավթարդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Աքբար Նեմաթոլահին հերքել է նավթի մատակարարման վերաբերյալ Թեհրանի ու Մոսկվայի միջև գործարքի մասին շրջանառվող տեղեկատվությունը: