
Իրանը հերքել է Ռուսաստանի հետ նավթային գործարքի մասին տեղեկատվությունը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Աքբար Նեմաթոլահին հերքել է նավթի մատակարարման վերաբերյալ Թեհրանի ու Մոսկվայի միջև գործարքի մասին շրջանառվող տեղեկատվությունը:
Այդպիսի պայմանավորվածության մասին հունվարի 10-ին հայտնել էր Reuters-ը, ըստ որի՝ երկու երկրները պայմանավորվել են իրանական նավթը ռուսական ապրանքներով փոխանակելու շուրջ: Գործարքի պայմաններով՝ Մոսկվան պետք է գնի 1.5 միլիարդ դոլարի նավթ, որը պետք է վերավաճառվի այլ երկրների:
Իրանն իր նավթը հիմնականում արտահանում է ասիական երկրներ, գլխավոր գնորդը Չինաստանն է: Արևմուտքի հետ առևտրի համար Իրանին սահմանափակում են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները: