Հարավային Օսիայում առաջարկել են հանրաքվե անցկացնել ՌԴ-ի կազմի մեջ մտնելու շուրջ
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/pic_31f160d69f6d9e6cc4a95519e196d5be.jpg)
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայում առաջարկել են հանրաքվե անցկացնել՝ կապված Ռուսաստանի կազմի մեջ գտնվող Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու հետ: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել «Միասնական Օսիա» կուսակցությունը, որը գլխավորում է նախագահի նախկին թեկնածու Անատոլի Բիբիլովը:
Կուսակցությունը հանրաքվեի կազմակերպման խնդրանքով դիմել է հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովին: Առաջարկվում է քվեարկությունն անցկացնել ամռանը նշանակված խորհրդարանական ընտրություններին միաժամանակ:
Եթե նախագահը չաջակցի այդ նախաձեռնությանը, ապա «Միասնական Օսիան» մտադիր է ինքնուրույն զբաղվել դրա նախապատրաստմամբ: Հարավային Օսիայում վաղուց է քննարկվում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գաղափարը, սակայն դա ցայժմ չի ստացել պաշտոնական զարգացում: