«Գողական աշխարհի» մասին օրենքը չի վերանայվի. Վրաստանի վարչապետ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ «գողական աշխարհի» մասին օրենքը չի վերանայվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում մինչև կառավարության նիստի սկսվելը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից և իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որն առնչվում է «գողական աշխարհին» և «օրենքով գողերին» պատկանելուն:
Խմալաձեն ընդգծել է, որ իրեն դուր չի գալիս օրենքի այդ նորման՝ հիշեցնելով, որ ժամանակին հանդես է եկել դրա ընդունման դեմ:
Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերին Վրաստանում ընդունված նոր օրենքով նախատեսվում էր «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 7-10 տարվա ազատազրկում:
Այդ բարեփոխման հեղինակները շեշտը դրել էին գողական աշխարհի «ազնվության օրենսգրքի» յուրահատկության վրա, որի համաձայն, «թագադրված գողը» իրավունք չունի հերքել իր կարգավիճակը: Իսկ միայն մեկ խոստովանությունն արդեն իսկ բավական էր նրան դատապարտելու համար:
Դա հնարավորություն տվեց հատուկ ստեղծված բանտ նետել մոտ 50 «օրենքով գողերի», ինչպես նաև հանգեցրեց Վրաստանից քրեական այլ հեղինակությունների վտարմանը: