Բաժիններ՝

Ուկրաինան ներկա փուլում մտադիր է բնական գազ ներկրել միայն Ռուսաստանից. Ստավիցկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ներկա փուլում մտադիր է բնական գազ ներկրել միայն Ռուսաստանից և հրաժարվել պահեստային տարբերակից՝ Եվրոպայից գազ ներկրելուց, քանի որ ռուսական գազի գինն ավելի ցածր է:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխի արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին. «Առայժմ մենք գազի գնման հարցում ելնում ենք գնային նկատառումներից: Առայժմ կգնենք ռուսական գազ, քանի որ այսօր այն ավելի էժան է»:

Հիշեցնենք, որ ուկրաինական «Նավթոգազը» և ռուսական «Գազպրոմը» գազային համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինայի համար հազար խորանարդ մետր ռուսական գազը վաճառվելու է 268.5 դոլարով:

2013 թվականի դեկտեմբերին 17-ին ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի շրջանակներում Մոսկվայում երկկողմ հանդիպում էին ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը, որի ժամանակ էլ նրանք պայմանավորվել էին, որ Ռուսաստանն Ուկրաինայի համար հազար խորանարդ մետր գազի գինը 400 դոլարից նվազեցնելու է մինչև 268.5 դոլարի:

Սրանից առաջ UNIAN-ը հաղորդել էր, որ Ուկրաինան 2014 թվականին դադարեցրել է Եվրոպայից գազ գնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս