Կարեն Անդրեասյանը չի արձագանքել դատախազի նամակին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց էր հրապարակել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Անցկացված հարցումների արդյունքներով՝ ՄԻՊ-ը ներկայացրել էր դատարաններում կաշառքի գների չափը, ինչպես նաև առանձնացրել արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման դեպքեր, խոսել «զոնալ դատավորների» ինստիտուտի մասին:
Արձագանքելով Կարեն Անդրեասյանի զեկույցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ասել էր, որ զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրություններն ու եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Կարեն Անդրեասյանին ուղղված իր նամակում Գևորգ Կոստանյանը գրել էր, որ Գլխավոր դատախազությունը պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
«Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»,- նշել էր Գևորգ Կոստանյանը:
168.am-ը ՄԻՊ խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կարեն Անդրեասյանը որևէ փաստ ներկայացրել կամ ներկայացնելու է ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան Ն. Կարմիրշալյանը հայտնեց, որ Կարեն Անդրեասյանը չի արձագանքել դատախազի նամակին. «Եվ ընդհանրապես այդ դատական զեկույցի հետ կապված որևէ ավելացնելու բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ խոսնակը: