Տիգրան Սարգսյանը փորձում է սիրաշահել ՀՀԿ-ականներին
Այսօր հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել կառավարության՝ այս տարվա առաջին նիստում: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների կողմից ՀՀ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր, և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար:
Ուշագրավը ոչ թե Դերենիկ Դումանյանի կողմից՝ կառավարության բացասական եզրակացությունը ներկայացնելու փաստն է, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի արձագանքը դրան: Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը՝ շեշտելով. «Ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը Հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»:
Թե հատկապես որ ՀՀԿ-ական պատգամավորների մասին է խոսքը, որոնց՝ առանց անունները նշելու, այդքան կարևորել է Տիգրան Սարգսյանը, հայտնի չէ ու ոչ էլ՝ էական: Խնդիրն այն է, որ տեղի ունեցածը, թերևս, ուղղակիորեն կապ ունի անցած տարեվերջին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Տիգրան Սարգսյանին ուղղված քննադատության և դրա նկատմամբ նրա կուսակից ընկերների, մեղմ ասած, անտարբերության հետ: Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանին ուղղված կոշտ քննադատությունից հետո, մինչև օրս, որևէ ՀՀԿ-ական ոչ միայն չի պաշտպանել սեփական կուսակից վարչապետին, այլ նրանցից ոմանք անգամ արդարացրել են Ռոբերտ Քոչարյանին: Արդյունքում՝ ՀՀԿ-ականների կողմից երբեք էլ որպես իրական թիմակից չընդունված Տիգրան Սարգսյանն արդեն բացահայտորեն հայտնվել է «յուրայինների մեջ՝ օտար» կարգավիճակում: Ու ամենայն հավանականությամբ՝ հենց դա է պատճառը, որ ներկայումս Տիգրան Սարգսյանը ձեռնամուխ է եղել բոլոր հնարավոր միջոցներով սեփական կուսակիցներին հաճոյանալու գործին:
Այլապես, այլ պարագայում Տիգրան Սարգսյանը հազիվ թե հրապարակավ նման դիրքորոշում հայտներ մի հարցի կապակցությամբ, որը կարող է ոչ միայն վնասել նրա՝ «ժամանակակից ու աշխարհին համահունչ քայլող գործչի» իմիջին, այլ նաև դրանով իրեն զրկեր իշխանական համակարգում ունեցած գոնե ֆորմալ գերակայությունը ցուցադրելու հնարավորությունից: Խնդիրն այն է, որ քաղաքակիրթ աշխարհն այսօր շարժվում է հակածխախոտային գաղափարախոսությամբ, և դա առաջին հերթին՝ վերաբերում է ծխախոտային արտադրանքի գովազդի խստացմանը:
Նույնը վերաբերում է նաև ալկոհոլային խմիչքի գովազդին, որի նկատմամբ միջոցները ևս խստացման միտում ունեն: Այլ պայմաններում Տիգրան Սարգսյանը վստահաբար այս առիթը կօգտագործեր հակածխախոտային ու հակաալկոհոլային դասախոսություն կարդալու, այդ օրինագիծը ներկայացրած ՀՀԿ-ականներին պարսավելու համար: Տ. Սարգսյանն այդպես չէր վարվի միայն այն դեպքում, եթե անձնական շահագրգռվածություն ունենար ծխախոտի ու ալկոհոլի բիզնեսներում, սակայն գոնե առայժմ այդ ոլորտներում նրա ներգրավվածության մասին տեղեկություններ հայտնի չեն:
Բացի այդ, կառավարությունում պատգամավորների ներկայացրած օրինագծերի քննարկման ու եզրակացություն տալու ընթացքը մի շարք ընթացակարգեր է անցնում, որի համար բավական ժամանակ է պահանջվում: Այսինքն՝ ակնհայտ է, որ նշված օրինագիծը կառավարությունում է հայտնվել առնվազն անցած տարվա վերջին, նույնքան ակնհայտ է, որ առանց Տ. Սարգսյանի հետ համաձայնեցնելու՝ Դերենիկ Դումանյանը բացասական եզրակացություն չէր տա այդ նախագծին: Հետևաբար՝ Տ. Սարգսյանի այսօրվա ելույթը պայմանավորված է վերջին օրերին տեղի ունեցած գործընթացներով: Ավելին, բացառված չէ, որ ցանկության դեպքում Տ. Սարգսյանը կարող էր Դումանյանին հանձնարարել բացասական եզրակացությունը փոխել դրականով, սակայն դա չի արել, թերևս, այսօրվա իր ելույթի առիթը ստեղծելու համար:
Բնականաբար, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես՝ սեփական կուսակիցների վարքագիծը չէր կարող չմտահոգել Տ. Սարգսյանին: Առաջիկայում Ազգային ժողովում սպասվում է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումը, որի շուրջ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի շրջանում կարծես կոնսոլիդացիա է առաջացել: Իսկ եթե ոչ իշխանական պատգամավորներին միանան գրեթե այնքան ՀՀԿ-ականներ, որոնք արդեն իսկ հասցրել են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, կամ որ նույնն է՝ չպաշտպանել Տ. Սարգսյանին, ապա փետրվարը կարող է ճակատագրական դառնալ Տ. Սարգսյանի կառավարության համար: