
Հեռուստաընկերություններին կթույլատրվի՞ ալկոհոլ գովազդել. Կառավարությունը չի ցանկանում մերժել ՀՀԿ-ական պատգամավորներին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Ավելացնենք, որ նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Կառավարության նիստերի օրակարգում, որը տեղադրված է e-gov.am կայքում, նախագծի տեքստը դեռևս հրապարակված չէ: