Գրավիչ արտաքինով թոփ մենեջերներին ավելի շատ են վճարում. հետազոտություն
ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանի մասնագետները վերլուծել են S&P 500-ի ցուցակի մեջ մտնող ընկերությունների 667 ղեկավարների տվյալները, հաղորդում է The Independent-ը: Գնահատելով «դեմքերը», նրանք կազմել են վարկանիշային ցուցակ` հաշվի առնելով ղեկավարների հանրահայտությունն ու աշխատավարձի չափը:
Պարզվել է, որ գրավիչ արտաքին ունեցող տնօրեններն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, այսպես կոչված «գեղեցկության հավելավճար»: Բացի այդ, ընկերությունների բաժնետոմսերի գների աճ է նկատվում նրանց կողմից պաշտոնն զբաղեցնելու առաջին օրերին, ինչպես նաեւ բարետես թոփ մենեջերների` հեռուստաէկրաններին հայտնվելուց հետո:
Արտաքինը կարեւոր դեր է խաղում նաեւ բանակցությունների ժամանակ. գրավիչ եւ ինքնավստահ ղեկավարներն ավելի նկատվող են եւ ավելի հաճախակի են հաջողությունների հասնում: Ուստի, ըստ մասնագետների, նրանց իզուր չէ, որ ավելի լավ են վճարում:
Որպես օրինակ, գիտնականները նշել են Yahoo!-ի գործադիր տնօրեն, 38-ամյա շիկահեր Մարիսա Մեյերին, ում գալով 2012 թ-ին ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճ արձանագրեցին, իսկ նրա արտաքին գրավչության ինդեքսը գրեթե առավելագույնն է `10-ից 8,45:
Սակայն մասնագետները միաժամանակ նշում են, որ միայն գրավիչ արտաքինը բավարար չէ. կարեւոր է բազմաթիվ այլ գործոնների առկայությունը, որոնք սովորաբար հաշվի են առնվում թոփ մենեջերներ նշանակելիս: