Չինաստանը թուրքմենական գազ կստանա նաև Ղրղզստանի տարածքով
Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Չինաստանը 2016 թվականից հնարավորություն կստանա Ղրղզստանի տարանցմամբ գնել թուրքմենական գազ: Դա տեղի կունենա Թուրքմենստանից Չինաստան գազամուղի նոր ճյուղի շահագործման հանձնումից հետո:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը օրեր առաջ վավերացրել էր Ղրղզստանի ու Ղազախստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, որն առնչվում է «Ղրղզստան-Չինաստան» գազատարի կառուցմանն ու շահագործմանը:
Չինաստանը թուրքմենական գազ սկսել է գնել 2009 թվականին, երբ շահագործման հանձնվեց «Թուրքմենստան-Չինաստան» գազատարը, որն անցնում է Ուզբեկստանի ու Ղազախստանի տարածքով: Դրանով առաջիկա տարիներին կարող է Չինաստանին մատակարարվել տարեկան մինչև 40 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ:
Ղրղզստանի տարածքով գազատար կառուցելը հնարավորություն կտա տարեկան ևս 25 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ մատակարարել Չինաստանին, որով և գազամատակարարման տարեկան ընդհանուր ծավալը կհասցվի մինչև 65 միլիարդ խորանարդ մետրի:
Ղրղզստանի տարածքով տարանցումը կազմելու է 225 կիլոմետր: Ակնկալվում է, որ դրա հետ կապված` Ղրղզստանում չինական կողմի ներդրումները կազմելու են մոտ 1.2-1.4 միլիարդ դոլար: Գազատարի կառուցումը պլանավորված է ավարտել 2016 թվականի վերջին: