Դավութօղլուն դժգոհ է ՍԾՏՀ-ի անդամ երկրների միջև առևտրի ծավալից
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մասնակցել է ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
Իր ելույթում Դավութօղլուն հիշեցրել է, որ ՍԾՏՀ-ը հիմնադրվել է 21 տարի առաջ, և որ Թուրքիան հանդիսանում է հիմնադիր անդամ: Դավութօղլուն կարևորել է ՍԾՏՀ-ի դերակատարությունը Սևծովյան ավազանի բոլոր երկրներին առավել մերձեցնելու և տարածաշրջանի խաղաղության տեսանկյունից:
Դավութօղլուի խոսքերով՝ աշխարհում ի հայտ եկող տնտեսական խնդիրների լուծման հիմնական բանալին հանդիսանում է հենց տարածաշրջանային համագործակցությունը. «Վերջին տարիներին զգալիորեն աճել է առևտրի դերը՝ որպես տնտեսության շարժիչ ուժի:
Մեր տարածաշրջանի (ՍԾՏՀ-ի երկրների) տարածքը կազմում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը՝ ավելի քան 330 միլիոն մարդ: Միևնույն ժամանակ առևտրի ծավալը կազմում է միայն 300 միլիարդ դոլար:
Դա մեր պոտենցիալից բավական ցածր է: Տարածաշրջանին է բաժին ընկնում համաշխարհային տնտեսության մոտ 8 տոկոսը: Իրական պոտենցիալին հասնելու համար անհրաժեշտ է ինտենսիվացնել մեր ջանքերը»:
Հիշեցնենք, որ ՍԾՏՀ-ն ունի 12 անդամ՝ Հայաստան, Ռուսաստան, Ալբանիա, Վրաստան, Թուրքիա, Ռումինիա, Հունաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Ադրբեջան (սրանք հիմնադիր անդամներ են) և Սերբիա (ՍՏԾՀ-ին միացել է ավելի ուշ):



