NSA-ի ղեկավարը կողմ է արտահայտվել տոտալ գաղտնալսման շարունակմանը
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) ղեկավար Քիթ Ալեքսանդերը, հանդես գալով ամերիկացի սենատորների առջև, նրանց վստահեցրել է, որ համայն աշխարհում քաղաքացիներին տոտալ գաղտնալսելու ծրագրի պահպանումն է հանդիսանում ԱՄՆ ազգային անվտանգության երաշխիք:
Ալեքսանդերը հայտարարել է, որ չգիտե այլ, առավել արդյունավետ եղանակ՝ վերահսկելու և կանխելու համար երկրի ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքները՝ բացառությամբ Հայրենասիրական ակտի (դաշնային օրենք, որը կառավարությանն ու ոստիկանությանը տալիս է քաղաքացիների նկատմամբ հսկողություն սահմանելու լայն լիազորություններ) 215 կետի:
Այդ փաստաթղթի համաձայն, կառավարությունն իրավունք ունի գաղտնալսել ԱՄՆ քաղաքացիների հեռախոսազրույցները անգամ եթե նրանց դեմ չի տարվում հետաքննություն: Ընդգծելով, որ չգիտի դրանից ավելի լավ միջոց՝ Ալեքսանդերը հայտարարել է, որ եթե իրենք հրաժարվեն այդ կետից, ապա կդառնան շատ խոցելի, ողջ ազգը կդառնա խոցելի:



