Ճապոնիան խնդիր չի տեսնում Հարավային Կորեայի կողմից ՀՕՊ-ի գոտին ընդլայնելու հարցում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան խնդիրներ չի տեսնում նրանում, որ Հարավային Կորեան որոշել է ընդլայնել ՀՕՊ-ի իր նոր գոտին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան:
Նա ընդգծել է, որ իրենց կարծիքով՝ Հարավային Կորեայի կողմից ՀՕՊ-ի նոր գոտի սահմանելը որևէ խնդիր չի ստեղծի երկկողմ հարաբերություններում, քանի որ այն տարբերվում է Չինաստանի սահմանած ՀՕՊ-ի նոր գոտուց:
Նախարարը հավելել է, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն իրեն ցուցում է տվել լարվածություն չառաջացնել Հարավային Կորեայի հետ երկկողմ հարաբերություններում և ստեղծել կապի կատարյալ համակարգ:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ Հարավային Կորեայի կողմից ՀՕՊ-ի նոր գոտու սահմանների հաստատումը չպետք է խնդիրներ առաջացնի երկու երկրների փոխհարաբերություններում: