Դավութօղլուն պլանավորել է Երևանում հանդիպել Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ. թուրքական մամուլ

Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգորածնախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երևանում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին:

Սակայն Դավութօղլուի այդ այցը մեծապես կարևորվում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Լրատվամիջոցը նշում է, որ Դավութօղլուն պլանավորել է իր երևանյան այցի շրջանակներում հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Դավութօղլուն հանդես է գալու հետևյալ առաջարկով. Հայաստանը «պետք է» ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից առնվազն երկու շրջան, ինչի դիմաց Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, ինչը կաշխուժացի սահմանային առևտուրը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս փոխարտգործնախարար Ալի Բաբաջանը ՍՏՀԿ-ի նիստին մասնակցելու համար 2009 թվականին մեկնել էր Երևան և հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Դրանից մոտ 6 ամիս անց Շվեյցարիայում (Ցյուրիխ) Հայաստանն ու Թուրքիան ստորագրել էին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, որոնք սակայն այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս