Վերջին 44 տարում առաջին անգամ Սինգապուրում գրանցվել են զանգվածային անկարգություններ (տեսանյութ)
BBC News-ի փոխանցմամբ՝ Սինգապուրում մոտ 400 ներգաղթյալ է մասնակցել անկարգություններին, որոնք հանդիսացան քաղաք-պետության առաջին զանգվածային բախումները՝ սկսած 1969 թվականից: Անկարգություններին մասնակցելու համար ոստիկանությունը կալանավորել է 27 մարդու, որոնք բոլորն էլ ներկայացնում են Հարավային Ասիայի երկրները:
Բախումները գրանցվել են «Փոքրիկ Հնդկաստան» թաղամասում, ուր կենտրոնացած են հարավասիական ռեստորաններն ու խանութները: Ներգաղթյալներն այստեղ շրջել ու այրել են ոստիկանական մեքենաներ: Տուժել են նաև մի շարք մասնավոր ավտոմեքենաներ:
Անկարգությունները ցրելու համար դեպքի վայր է ժամանել մոտ 300 ոստիկան: Բախման հետևանքով տուժել է 18 մարդ՝ հիմնականում իրավապահներ: Անկարգությունները մեկնարկել են երեկ ուշ երեկոյան: Դրանց սկսվելու համար հիմք է ծառայել այն, որ ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել Հնդկաստանից ժամանած 33-ամյա ներգաղթյալի:
Դրանից հետո դեպքի վայրում սկսել են հավաքվել Հնդկաստանից ժամանած ներգաղթյալները և սկսել զանգվածային անկարգություններ: Նշվում է, որ Սինգապուրում բնակվում է գրեթե 1.3 միլիոն օտարազգի աշխատող, որոնց մեծ մասը ներկայացնում են Հարավային Ասիայի երկրները և հատկապես Հնդկաստանն ու Բանգլադեշը: Նրանք ներգրավված են շինարարական ոլորտի աշխատանքներում:
Սինգապուրում անկարգություններին մասնակցելու համար նախատեսված է կոշտ պատիժ՝ մինչև 7 տարվա ազատազրկում և փայտե ձողերով ծեծ: Սինգապուրում վերջին անգամ զանգվածային անկարգություններ գրանցվել են 1969 թվականին, դրանց մասնակցել են Չինաստանից ու Մալայզիայից ժամանածները: