Բաժիններ՝

«Օ՜, բախտ մեր դժխեմ»

«Ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է հավանական նոր ուժգին երկրաշարժի»: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալի խոսքերն են: Ըստ մասնագետների՝ նման ուժգնությամբ երկրաշարժները տեղի են ունենում 20-25 տարին մեկ: Սպիտակում 88-ից առաջ ուժգին երկրաշարժ էր գրանցվել 1967-ին: Իսկ Սպիտակի երկրաշարժից անցել էգ 25 տարի:

88-ի երկրաշարժի մանրամասներն այսօր գրեթե չենք հիշում: Հիշում ենք 88-ը՝ որպես մի ամբողջական, համընդհանուր ողբերգություն: Յուրաքանչյուր անհատի կյանքում տեղի ունեցող լոկալ ողբերգությունը, կորուստը, որպես կանոն, ստիպում է անհատին վերանայել իր փիլիսոփայությունը կյանքի հանդեպ, կոփում ու իմաստնացնում է նրան: Անասելի ծանր գնով ձեռք բերված իմաստնությունն ունի նույն գինը, ինչ կորուստը:
Ազգի հետ կատարվող ողբերգությունը, սակայն, ինչպես ցույց է տալիս գոնե Հայաստանի պատմությունը, մնում է սոսկ ողբերգության մակարդակում: Այդ ողբերգությունը գրեթե փայփայում ենք, ամեն օր փայլեցնում: Ողբերգությունը կրում ենք՝ որպես ծանր, բայց սիրելի բեռ, քանի որ միայն մեր բեռով, մեր խնդիրներով ենք կարող պահել աշխարհի հետաքրքրությունը մեր հանդեպ: Այլ կապիտալ չունենք:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Մոցարտի «Ռեքվիեմի» հնչյունների, 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը` դուդուկի կամ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի ներքո անուղղակի բարձրացնում ենք գրեթե ֆիզիկական հաճույք պատճառող հարցը` կա՞ այլ ժողովուրդ, ում պատմությունն այսքան հարվածներ է հասցրել: Սակայն գոնե մեր սերունդը, որը տեսել է երկրաշարժն ու հետևել երկրաշարժից հետո Հայաստանի 25 տարիների ընթացքին, հարցն այսօր այլ կերպ է դնում՝ կա՞ մեկ այլ ժողովուրդ, որն այնքան համառորեն եզրակացություններ չի անում պատմության յուրաքանչյուր հարվածից հետո:

Սպիտակի երկրաշարժից հետո, թվում էր, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովից բացի՝ Հայաստանում կգտնվեն բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք կհասկանան` առաջին անհրաժեշտության գործողություններից մեկը երկրի բնակֆոնդը, հիվանդանոցների, դպրոցների ու մանկապարտեզների շենքերն ամրացնելն է:
Պաշտոնյաները հասկացել են, որ անգամ այդ դեպքում կարելի է փող լվանալ կամ փող աշխատել: Օրինակ, Հալաբյան 3 հասցեում գտնվող շենքը, որը վթարային էր ճանաչված, «Հայաստան» հիմնադրամի և բյուջեի միջոցներով իբրև թե ամրացվեց 2005թ.: Պաշտոնական գրագրությունն ասում է, որ ամրացվել են շենքի 1-ին և 2-րդ մուտքերը՝ 29.46 միլիոն դրամով: Իրականում` ամրացման աշխատանքներ էին արվում նաև 3-րդ և 4-րդ մուտքերում (ինքս այդ տարի բնակվում էի այս հասցեում և կարող եմ վկայել), շինարարներից ոմանք բնակիչներին անգամ ցեմենտն էին վաճառում՝ համեմատաբար էժան գնով: Այսօր արդեն այդ գումարը կարելի է փոշիացված համարել՝ շենքը փլուզման եզրին է, 3-րդ և 4-րդ մուտքերի բնակիչները տարհանվում են:
Անդրադարձել ենք նաև Նոր Արեշի թիվ 68 դպրոցին, ուր 450 երեխա է սովորում, իսկ դպրոցը կարող է փլվել ամեն րոպե:
Այսօր, դեկտեմբերի 7-ին, հեռուստատեսությամբ կցուցադրվեն 25-ամյա վաղեմության զարհուրելի կադրերը: Երբ շենքերը խաղաքարտերի նման փլվում էին ու անցնում հողի տակ: Կա՞ ավելի խոսուն զգուշացում` հատուկ ուշադրություն դարձնել նորակառույց շենքերի սեյսմակայունությանը, շենքերը կառուցել այնպես, որ բակերում հնարավոր լինի շտապօգնության, հրշեջ մեքենաների կամ հատուկ տեխնիկայի մուտքն ու ելքը: Իսկ հիմա նայենք` ի՞նչ է կատարվում Երևանի կենտրոնում:
Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ասել էր բառացիորեն հետևյալը. «Եթե, Աստված մի արասցե, կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, Երևանում շենքերի 80 տոկոսը կփլուզվի կամ կստանա անդառնալի վնասվածքներ: Կզոհվի մոտ 300.000 մարդ»:
Հավանաբար բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Գյումրի, ուր, ի դեպ, առիթ էին ունեցել լինել օրեր առաջ, ՌԴ նախագահին դիմավորելու և ուղեկցելու նպատակով: Նրանք, թերևս, այդ օրը ժամանակ ու հնարավորություն չեն ունեցել նկատել, թե ինչ վիճակում է այսօր Գյումրին: Ավելի ստույգ, տեսել են մի կանաչ, ասֆալտապատ, եղևնիներով առատ Գյումրի:
Այսօր նրանք՝ երկրի նախագահը՝ իր արբանյակներով, հնարավորություն կունենան տեսնել իսկական Գյումրին` քանդած փողոցներով, տնակներով, բազմաթիվ տներով` վրան սպիտակ յուղաներկով գրած` «Վաճառվում է»: Եթե ղեկավարները տրաֆարետային՝ ծաղկեպսակ դնելու արարողությունից զատ, ժամանակ գտնեն` շրջելու քաղաքում, նրանք գուցեև տեսնեն, որ 88-ից 25 տարի անց Հայաստանի երկրորդ քաղաքում կան տնակային ավաններ: Այդտեղ ապրում են մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակ բնակարան ստացել են, սակայն ստիպված են եղել վաճառել այն, քանի որ ապրուստի այլ միջոց չունեին: Իսկ «դոմիկներում» կա ջեռուցում և մի շատ կարևոր առավելություն` բնակիչներն ազատված են կոմունալ ծախսերից:
Այսօր, դեկտեմբերի 7-ին, եթե երկրի նախագահն, այդուհանդերձ, գնա Գյումրի` երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ, փողոցներում կտեսնեն գյումրեցիներին, որոնց դեկտեմբերի 2-ին չցանկացան տեսնել: Կտեսնեն չսափրված, տարիքից մեծ երևացող, բացակայող ատամներով մարդկանց՝ ՀՀ քաղաքացիներին: Որոնք Պուտինի գալու օրը համեստորեն տանն էին մնացել՝ իրենց ներկայությամբ չփչացնելու կարմիր գորգի ու եղևնիների նատյուրմորտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս